ԱՄՆ-ի համար կոմերցիոն գործա՞րք, թե՞ խաղաղության համաձայնագիր. ինչ է համաձայնեցվել Սաուդյան Արաբիայում


Ջիդդայում գրեթե կես օր տևած բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ հայտարարությունը պարունակում է մի քանի առանցքային գիծ:

Թեև բավական կարճ էր, սակայն դժվար է չնկատել հետևյալ միտքը.

«Միացյալ Նահանգները Ռուսաստանին կհաղորդի, որ Ռուսաստանի փոխադարձությունը խաղաղության հասնելու բանալին է»:

Վերջին շաբաթների ընթացքում շարունակ քննարկվում է, թե ինչ է ակնկալում Դոնալդ Թրամփը Ուկրաինայից և ինչ բութ գործիքներ է օգտագործում Սպիտակ տունը Կիևին ենթարկելու համար:

Համատեղ հայտարարության այս տողն այն մասին  է, որ հիմա, կարծես թե, եկել է Ռուսաստանի մտադրությունները հրապարակայնորեն ստուգելու ժամանակը։

BBC-ն գրում է, որ Դոնալդ Թրամփի հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ մինչ այժմ պատված են անորոշությամբ, և չկան հստակ նշաններ, որ Թրամփը ճնշում է գործածում Պուտինի վրա՝ հավասարակշռելու համար ճնշումը Վլադիմիր Զելենսկու նկատմամբ:

ԱՄՆ-ի և Ուկրաինայի՝ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում արված համատեղ հայտարարությունը չի նշանակում, որ Թրամփը հանկարծ փոխել է իր վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ։ Նրանք բարդ հարաբերություններ ունեն՝ ծնված երկարամյա փոխադարձ անվստահությունից։

Օվալաձև գրասենյակի բազմաչարչար հանդիպումիցը, սակայն, ինչպես հայտնի է, լարման գագաթնակետն էր, իսկ հիմա ամեն ինչ կարող է սկսել ցրվել, երբ իրական խաղաղության գործընթացը սկսվի:

ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետախուզական տվյալների փոխանակման և Կիևին անվտանգության ապահովման աջակցության անհապաղ վերսկսմամբ Ռուսաստանն է, որ այժմ կարող է զգալ ճնշումը: Կարելի է ենթադրել, որ Օվալաձև գրասենյակում տեղի ունեցածից հետո ռուսական կողմը այսքան արագ խաղաղության հաստատման և զիջումների գնալու սցենար չի կանխամտածել:

Դեռ վաղ է եզրակացություններ անել, և շատ մանրամասներ պետք է համաձայնեցվեն հետագա բանակցությունների ընթացքում։

Հայտարարության մեջ նշվում են էական մանրամասները, թե ինչպես պետք է վերջ տալ պատերազմին և այն երաշխիքները, որոնց վրա Ուկրաինան կարող է հույս դնել «իր տնտեսությունն ընդլայնելու և երկարաժամկետ բարգավաճում և անվտանգություն ապահովելու համար»:

Սակայն վերջին պարբերության ձևակերպումն է, որն արտացոլում է Վաշինգտոնի այն տեսակետը, որ անվտանգությունն ու բարգավաճումը կարելի է ձեռք բերել կարևոր օգտակար հանածոների վերաբերյալ շատ քննարկված գործարքի միջոցով, այլ ոչ թե անվտանգության հատուկ երաշխիքների, որոնք փնտրում է Կիևը:

Զելենսկին և Թրամփը պայմանավորվել են գործարք կնքել «որքան հնարավոր է շուտ», ասվում է հայտարարության մեջ։ Թե ինչպես կարող է զուտ կոմերցիոն համաձայնագիրը կանխել ռուսական ապագա թշնամական գործողությունները, մնում է անուորշ և լի ենթադրություններով:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ուկրաինական պատվիրակությունը «վերահաստատել է, որ եվրոպացի գործընկերները պետք է ներգրավվեն խաղաղ գործընթացում», սակայն լիովին պարզ չէ, թե ինչպես է Վաշինգտոնը վերաբերվում եվրոպական ներգրավվածության հնարավոր պարամետրերին։

Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպումը, կարծես, ժամանակին տեղի ունեցած վերականգնում է վերջին օրերի տագնապից հետո: Սակայն արդյունքները չեն նշանակում, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետագա գործողությունները լիովին համակարգված են։

Եթե նախագահ Զելենսկին երբևէ կասկածներ ուներ, նա այժմ հաստատ գիտի, որ գործ ունի ամերիկացի նախագահի քմահաճ և անկայուն ցանկությունների հետ, ում համար անցյալի հավատարմությունը և ավանդական դիվանագիտական վարքագիծը շատ քիչ նշանակություն ունեն: թրամփը բիզնեսմեն է և ցանկացած գործարքի ու պայմանավորվածության՝ անգամ եթե այն հակամարտության դադարեցնելու վերաբերյալ է, նայում է Ամերիկայի շահի առաջնահերթության սկզբունքով: Այս ամենի ամենավառ վկայությունը թանկարժեք մետաղների և օգտակար հանքանյութերի մասին գործարքն է, որը թրամփի գաղափարն է ու առաջարկը և որի օգուտների մասին նա բացեիբաց հայտարարել է քանիցս:

Նա կանի հնարավոր ամեն բան՝ գնդակը ռուսական կողմում պահելու և համաձայնագիրը, հետևաբար նաև գործարքը կնքելու համար, բայց և ակնհայտ է՝  բոլոր հնարավորությունները կան, որ գնդակը կարող է վերադառնալ հետ:

Հիշեցնենք՝ Ջիդդայում կայացած բանակցություններից հետո ԱՄՆ-ը և Ուկրաինան համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ Կիևը պատրաստ է «ընդունել ԱՄՆ-ի առաջարկը՝ անհապաղ ժամանակավոր 30-օրյա զինադադար մտցնելու մասին, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ» և պայմանով, որ Ռուսաստանը ընդունի և միաժամանակ կատարի այդ պահանջը։

ԱՄՆ-ն, իր հերթին, խոստացել է Ռուսաստանի ղեկավարությանը փոխանցել, որ Ռուսաստանի կողմից փոխադարձությունը «խաղաղության հասնելու բանալին է»:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Վաշինգտոնը «անհապաղ վերացնում է հետախուզական տվյալների փոխանակման դադարը և վերականգնում է Ուկրաինային անվտանգության աջակցությունը»։

Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ այժմ «գնդակը Ռուսաստանի դաշտում է»։ Եթե Ռուսաստանը «ոչ» ասի հրադադարի առաջարկին, ապա, ցավոք, կհասկանան, թե որտեղից է խաղաղության խոչընդոտը,- ընդգծել է Ռուբիոն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նա նշել է, որ այժմ Միացյալ Նահանգները «պետք է համոզի Ռուսաստանին դա անել»։ Հրադադարը «կաշխատի» միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը համաձայնի, պարզաբանեցլ է նա։

Խոսելով այն ժամկետների մասին, թե երբ Ջիդդայի բանակցությունների արդյունքները կհանձնվեն Մոսկվային, Ռուբիոն ասել է, որ ամերիկյան կողմը հույս ունի դա անել «որքան հնարավոր է շուտ»։ Քիչ ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա մոտ օրերս:

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ նախատեսում է զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ ըստ նրա, «տանգոյի համար երկուսն են պահանջվում»: Միաժամանակ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ իր զրույցը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ։

Թրամփը նաև ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կրկին Սպիտակ տուն կհրավիրի։

Երկու երկրների համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է, որ Վաշինգտոնը և Կիևը պայմանավորվել են «Ուկրաինայի կարևոր հանքային պաշարների զարգացման վերաբերյալ համապարփակ համաձայնագիր» կնքել որքան հնարավոր է շուտ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

134 դիտում

Leave a Comment