Սարվորների ամանորը |


Մարց գետակի հոսանքին հակառակ ձյունածածկ անտառաճանապարհով կրկին գնում ենք  Իքատակ սարատեղի։ Մի ժամանակ այստեղ կոլտնտեսության, ապա պետական տնտեսության ձմեռանոցն է եղել։ Սակայն արդեն ավելի քան 30 տարի, գարնանից մինչեւ խոր աշուն, այստեղ մարցեցի 8 ընտանիք է ապրում։ Գնում ենք նրանց ամանորը լուսաբանելու՝ ինչպես են պատարստվում, ինչպես են դիմավորում։ Այստեղից մարց, մի քանի կիլոմետր է, չեն կարող ամանորին անասուններն առանց հսկողության թողնել ու գնալ գյուղ: ճանապարհն ասֆալտապատելուց հետո մտածում են գողության վտանգը ավելի մեծ է։

Սակայն սպիտակ սավանի տակ առնված անսովոր լռություն է  Իքատակում։

Մի կերպ գտնում ենք ամանորի նախօրեին Իքատակում մնացած միակ ընտանիքին՝ Մադոյան ամուսիններին: Անասնապահությունը տարվա սկիզբ ու վերջ, տոն ու հանգստյան օրեր չի հարցնում: Մինչ ջահելները գյուղում ամանորի են պատրաստվում, ամուսիններն անասունի խնամքի, կթի ու կաթի մշակման գործին զուգահեռ՝ ձեռքի տակ եղածով իրենց կացարանին տոնական շունչ են հաղորդում:

Դրսում տիկին Անուշի սիրելի եղանակն է՝ ձյուն ,ամեն ինչ ծածկված է սպիտակով, ու խաղաղ լռություն է ամենուր: Գարնանն ու  նաև աշնանը գործն այնքան շատ է, հոգսերը լուսաբացից մինչև կեսգիշեր,  որ բնության հրաշքով զմայլվելու  ժամանակ չի լինում։ Ձմռան այս ամիսներին, քանի դեռ անասունների ծինը չի սկսվել, թափանցիկ ու սառը լռություն է, ու մտածելու, անցած գնացածը վերհիշելու ու տխրելու հսկայական ժամանակ է մնում։ Տխրում են՝ անցյալի պատմությունները հիշելով, անցած գնացած հարազատներին ու դրկիցներին հիշելով ու երանի տալիս այն օրերին, երբ հաճախ ուտելու բան էլ չէր լինում, բայց կյանքն ուրախ էր, ձմեռանոցն ու ամառային յայլաներն՝ աղմկոտ։ Ու էլի տխրելու ու թախծելու առիթ ունի։ Մայիսին քոչը կկապի,անասուններին ավելի բարձր սարեր կտանի,այնտեղ էլ՝ հարեւանի օգնության ու սուրճի ընկերուհու կարոտ կմնա:

Նախկինում, երբ ձմեռանոցում մարդաշատ էր, նոր տարին դիմավորում էին այստեղ՝ սարատեղիում: Մեծ խարույկի շուրջ հավաքվում,  քեֆ ուրախությունով, երգ ու պարով դիմավորում էին լուսաբացն ու լավատես էին: Հիմա մի տեսակ տխուր է նաեւ ամանորը: Այդ օրերին ձմեռանոցի տարբեր անկյուններից նոր մորթված մսով պատարստվող խորովածի ծուխն էր բարձրանում, փռում թխվող գաթայի անուշահոտը։ Հիմա բոլորը գյուղում են, մորթն արգելված է,ամանորն էլ վերացել է ձմեռանոցից։

Ձմեռանոցի փայտաշեն կացարանը գարնանը քանդելու ու քարով պատելու նպատակ ունեն: Ձմռանը ցուրտ է, պայմանները հարմար չեն,-ասում են: Թեեւ գյուղում էլ կենցաղային պայմաններն էլ մի բան չեն. ասում են՝ ջուր չկա:

Ստացվում է, որ իրենք ձմեռանոցում ավելի լավ են ապրում, ջրի պակաս չկա, լույս էլ ունեն : Իրենց կյանքից ամուսինները գոհ են, ոչինչ չեն ուզում, ոչ մի պաշտոնյայից ոչինչ չեն խնդրում, թող խաղաղություն լինի։ Ու ամանորի կեսգիշերին, եթե գայլը կամ բորենիները չհայտնվեն ձմեռանոցում ու խաղաղ լինի, կամ օրվա հոգսերից հոգնած՝ կրակի եզրին աչքները կպած չլինի, բաժակ կբարձրացնեն ու խաղաղւթյուն կմաղթեն երկրին ու համայն աշխարհին. Խաղաղություն լինի, աշխատանք, մնացած ամեն ինչ կլինի,-ասում են ամուսինները:

Ձմեռային գիշերահավասարին մտքում մի նվիրական երազանք են պահել, ու նոր տարվա մաղթանքների գլխավոր թեմաներից մեկը՝ 10-րդ թոռնիկի ծնունդն է, որի մասին ամուսինները երազում են:

Հեռավոր այս ձմեռանոցում, երբ թվում է երկինքն ավելի մոտ է իրենց, ու անհուն տիեզերքը  մաքրագործման մշտագո աղբյուր, երկրային հոգսերը գնում են հեռու-հեռու, բայց միտքդ ու երազանքերդ ուր էլ գնան, աքաղաղականչին վերադարձնում են քեզ գյուղական հոգսերին ու օրեցօր ավելացող պարտավորությունների բեռին։  Մաթևոսյանական մոտկորից մինչև տիեզերք մի քայլ է, որի հետ քո մտքերն ու երազանքներն ես կիսում: Մոտկորից մինչև մեծ քաղաք, որտեղ բարեկարգ մի շենքում երկրի կառավարիչներն են նստում, եթե մի ամբողջ օր պահանջվող ճանապարհը անցնես, հասնես էդ շքեղ շենքերին, մեկ է՝ քեզ հանդիպող, ասելիքդ լսող չկա։  

Գյուղը քաղաք դարձնել չեն ուզում, պարզապես՝ պայմաններ են ուզում, մաքուր և ասֆալտապատ փողոցներ, զբաղմունք, որ երիտասարդները քաղաք չփախչեն։ Այստեղ՝ Իքատակում որեւէ բան փոխել պետք չէ.  մաքուր բնություն, անծիր անտառներ, անծայրածիր արոտներ  ու փայտաշեն տնակներ, իսկը՝ փոքրիկ Շվեյցարիա:

Source link

Leave a Comment