
Երեկ՝ հունվարի 1-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ վիրավոր քաղաքացիներ կան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու հերթապահ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատարի տեղակալի գլխավորությամբ։
Տեղում պարեկները եկեղեցու հարևանությամբ հայտնաբերել են 2 վիրավոր քաղաքացու՝ գետնին ընկած։ Պարեկները ահազանգել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
ժամը 17։00-ի սահմաններում դանակահարության հետևանքով «կրծքավանդակի աջ հետին կողմնային պատի կտրած, ծակած թափանցող վիրավորում, պնևմոթորակս, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Լևիկ Ստեփանյանը, «գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, ձախ հետույքային շրջանի և ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած, ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 22-ամյա Արմեն Գինոսյանը և «գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, կրծքավանդակի ձախ կողմնային պատի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 25-ամյա Արման Աբրահամյանը։
Նախնական տվյալներով` Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 24-ամյա Սմբատ Առաքելյանի, Արմեն և Արման Գինոսյանների, մի կողմից Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Ալբերտ Սայանի, հիվանդանոց տեղափոխված Լ․ Ստեփանյանի, Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Վարդան Կարապետյանի և 24-ամյա Մարտին Անտոնյանի միջև, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է փոխադարց հարվածների՝ իրար տալով հայհոյանքներ, ինչի հետևանքով ստացված օպերատիվ տեղեկություններով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը իր մոտ եղած սուր կտրող, ծակող առարկայով հարվածել է Արմեն Գինոսյանին, իսկ վերջինն էլ հարվածել է Լ․ Ստեփանյանին։ Մյուս վիրավորը ո՞ւմ հարվածից է վիրավորում ստացել՝ պարզվում է։