Ֆինլանդիան հետաքննում է, թե ինչ դեր է ունեցել ռուսական նավթատարը Բալթիկ ծովում մալուխների դեմ ենթադրյալ դիվերսիայի գործում

«Ամերիկայի ձայն».   Ֆինլանդիայում շարունակում է կալանքի տակ մնալ ռուսական նավթատար նավը՝ Բալթիկ ծովում էլեկտրական և հեռահաղորդակցության մալուխների դեմ դիվերսիա իրականացնելու կասկածանքով: Նախորդ ամիսներին գրանցվել են նմանատիպ մի շարք միջադեպեր, և ՆԱՏՕ-ն զգուշացնում է հիբրիդային հարձակումների աճող սպառնալիքի մասին

Ռուսական նավթ տեղափոխող նավը շարունակում է կալանավորված մնալ Ֆինլանդիայում, քանի դեռ տեղի իշխանությունները հետաքննում են անցած շաբաթ Բալթիկ ծովում էլեկտրական ու հեռահաղորդակցության մալուխները վնասելու միջադեպը

Ֆինլանդիայի ոստիկանությունը կիրակի հայտնել էր, որ ծովի հատակին տասնյակ կիլոմետր երկարությամբ հետք է հայտնաբերվել, որը, ենթադրաբար, առաջացել է նավի խարսխից:

«Չորս մալուխ վնասվել է: Մեզ հաջողվեց վերահսկողություն հաստատել իրավիճակի նկատմամբ, գտնել խնդրո առարկա նավը, այն բերել Ֆինլանդիայի ջրեր և սկսել քրեական հետապնդում»,- ասել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

Ֆինլանդիայի իշխանությունները կասկածում են, որ Կուկի կղզիներում գրանցված Eagle S-ը ռուսական, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» մի մասն է, որն օգտագործվում է նավթի արտահանման արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար, որոնք սահմանվել են 2022 թվականին Մոսկվայի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո:

Կրեմլը չի արձագանքել դիվերսիայի մասին մեղադրանքներին։

Estlink-2 անվամբ էլեկտրական մալուխի և հեռահաղորդակցման երեք գծերի վնասվելը Բալթիկ ծովում նմանատիպ միջադեպերի շարքում վերջինն է։

Նոյեմբերին չինական մի նավ էր կասկածվում շվեդական ջրերում օպտիկամանրաթելային երկու մալուխներ վնասելու մեջ:

Անցած տարի վնասվել էր Էստոնիան և Ֆինլանդիան կապող Balticconnector գազատարը։ Տասը ամիս անց Չինաստանը հայտարարեց, որ վնասը հասցրել է Հոնկոնգում գրանցված մի նավ փոթորկի ժամանակ, սակայն Ֆինլանդիայում թերահավատորեն էին, թե իրական պատճառը կարող էր նշվածը լինել:

Այս ամենի ֆոնին` Էստոնիան կոչ է անում թարմացնել ծովային օրենքները։

«Սա չի կարող պատահականություն լինել։ Նման իրավիճակները բնորոշ չեն ոչ միայն մեր տարածաշրջանին, այլեւ աշխարհի մյուս տարածաշրջաններին։ Այսպիսով, [հաշվի առնելով] տեխնոլոգիական առաջընթացը, կարծում ենք, որ լավ գաղափար կլինի վերանայել միջազգային իրավունքը՝ այս հետաքննություններն ավելի սահուն դարձնելու համար»,- ասում է Էստոնիայի արդարադատության նախարար Լիիսա Պակոստան:

Անցած ուրբաթ ՆԱՏՕ-ն հայտարարել էր, թե մտադիր է ամրապնդել իր ներկայությունը Բալթիկ ծովում: Վերջերս դաշինքը ռազմածովային զորավարժություններ է անցկացրել տարածաշրջանում։

Սակայն նման հիբրիդային հարձակումներին արձագանքելը, ինչպիսին է ստորջրյա մալուխների թիրախավորումը, դժվար է` ասում է վերլուծաբան Չարլի Սալոնիուս-Պաստեռնակը:

«Եթե վերագրեք կամ մեղադրենք ինչ-որ մեկին դրա մեջ, որքանո՞վ է արդյունավետ: Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել դրա դեմ։ Ակնհայտ է, որ չեք կարող օգտագործել նույն գործիքակազմը, ինչ Ռուսաստանն ու Չինաստանը։ Առնվազն այս պահին»,- ասում է ֆիննական Միջազգային հարաբերությունների ինստիտուտի վերլուծաբան Չարլի Սալոնիուս-Պաստեռնակը։

Ֆինական իշխանությունների ներկայացմամբ` Estlink 2 մալուխի վերականգնումը կարող է տևել մինչև գալիք տարվա օգոստոս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:



Source link

Leave a Comment