Կարճաժամկետ մասկի շոուներ.քննչականը մեծ շուքով ձերբակալված քրեականներին մեղադրանք չի ներկայացրել – ՓԱՍՏԻՆՖՈ

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին ազդարարող իշխանությունների օրոք քրեական հեղինակություններն անձեռմնխելի են։ Քրեական հեղինակություններին մեծ աղմուկով ձերբակալում են, ապա՝ ազատ արձակում՝ քրեական հետապնդումներ այդպես էլ չիրականացնելով։

Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսին ոստիկանության հատուկջոկատայինները բավականին կոշտ ձևով բերման են ենթարկել մի քանի քրեական հեղինակությունների՝ նրանց ուղեկցող անձանց հետ, ինչպես նաև՝ այլ անձանց թիկնազորի ներկայացուցիչների։

Մասնավորապես, դեկտեմբերի 2-ին հայտնի դարձավ «Օրենքով գող» «Շահումյանցի Ժիրոն»՝ Ժիրայր Բրուտյանի, և նրան ուղեկցող անձանց բերման ենթարկվելու մասին։ Վերջիններս ձերբակալվել և նախաքննական մարմին էին ներկայացվել՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում և ձերբակալվել՝ նշված արարքն առերևույթ կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, սակայն ձերբակալման ժամկետի ավարտից հետո ազատ են արձակվել։ Օրեր անց էլ՝ դեկտեմբերի 6-ին բերման են ենթարկել քրեական հեղինակությանը՝ Արտյոմ Հարությունովին, նույն ինքը՝ «Արտյոմ Կանևսկոյին» և նրան ուղեկցող անձանց։ ՔԿ-ից դեկտեմբերի 7-ին հայտնել էին, որ երեք անձ է ներկայացվել ՔԿ համապատասխան բաժին։ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խմբի կազմում խուլիգանության համար։ Որոշում է կայացվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված երեք անձանց ձերբակալելու վերաբերյալ։ Կանեւսկոյը նույնպես նույն սցենարով ազատ է արձակվել՝ ձերբակալման ժամկետը լրանալուց հետո։

Ազատ արձակվելուց օրեր անց ո՛չ «Շահումյանցի Ժիրոն», ո՛չ «Արտյոմ Կանևսկոյը» չունեն մեղադրյալի կարգավիճակ։ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ երկու քրեական վարույթների շրջանակներում որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։ Ստացվում է, որ իրավապահներն իրենց ռեսուրսներն օգտագործում են մասկի շոուներ նկարահանելու համար՝ կարճաժամկետ խնդիր լուծելով, թե, իբր, անողոք պայքար են մղում, բայց արդյունքում վարկաբեկում են իրենց՝ ի ցույց դնելով, որ զբաղված են միայն շոուներով, իսկ իրական պայքար մղելու ռեսուրս ու իրավասություն չունեն։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment