Ազգային պետությունը և պետականությունը՝ Հայ մնալու պայման և անհրաժեշտություն – ՓԱՍՏԻՆՖՈ

Տարվա ամփոփումը 2018-ից ի վեր մեր առջև այլ առաջնահերթությունների անհրաժեշտություն և պահանջ է դնում։

Իրավիճակն այդպես է, քանի որ և՛ ազգային ինքնության, և՛ պետության ու պետականության համատեքստում մենք այսօր բոլորովին այլ իրողություններ ունենք։ Եվ այդ իրողությունների հաղթահարումն է այլևս դարձել մեզ համար առաջնահերթություն։

Երրորդ հանրապետության պատմության ամենակարևոր իրողությունը՝ Անկախ Հայաստանի երևույթը, Հայաստանի անկախ Հանրապետությունը, որին դարեր ի վեր ձգտել է հայ մարդը, այսօր վտանգված է։ Ընդ որում, վտանգված է հենց ՀՀ իշխանության միջոցով և ձեռամբ։

Իշխանության համառ ջանքերով էր, որ Արցախյան ազատամարտի վրա ստվեր ձգվեց ընդ որում, զինական անձի կողմից, ապա նաև՝ թավշյա կերպով սկսվեց Ազատ Արցախի, Հայկական երկրորդ պետության հիմքերը ակնհայտ կերպով փլուզելու , հող և Հայրենիք հանձնելու գործընթացը․․․
Սկսվեց հենց ՀՀ իշխանության ղեկը զբաղեցնող անձի կողմից։ Հրապարակային։ Միջազգային գործիչների շեշտմամբ իսկ՝ այդպիսի երևույթ հայ իրականության մեջ եղած չէր։ Հայ որևէ ղեկավար Արցախը երբևէ չէր ճանաչել ազարբայջանի կազմում։

Ընդհանրապես, Հայաստանի և հայության երկարակեցության ֆենոմենը աշխարհում հանգիստ չի տալիս մեր թշնամիներին։ Եվ ինչպես պատմության ընթացքում, այսօր էլ նրանք օգտվելով ՀՀ ներկա իշխանության ապազգային լինելուց, լծվել են մեր ազգային ինքնությունը փոխելու-փոխակերպելու գործին, քանզի նախորդ հազարամյակներում փաստված ճշմարտություն է՝ հայի զտարյուն տեսակը, սեփական ինքնությունը պահպանածը միայն ունակ է մոխիրներից հառնելու և վերակենդանանալու։ Ի վերջո, Հայոց պետությունը և պետականությունը վերակերտելու։
Այս առաջնահերթությունների ծիրում գնահատելով 2024 թվականը, ոչ միայն հպարտանալու բան չունենք, այլև հող և Հայրենիք հանձնող իշխանություն հանդուրժող ենք դարձել…

Ազատ Արցախը կորցրել ենք, Արցախի իշխանությունը շարունակում է մնալ բանտված՝ բաքվի բանտում, թշնամի պետության բանտերում են 2020 թվականի պատերազմի մեր ռազմագերիները, իսկ ներկա հակահայ իշխանությունն անթաքույց է ցուցանում, որ այդ խայտառակ փաստը ոչ միայն չի մտահոգում իրեն, այլև պատրաստ են այլ դեմքերի էլ զոհաբերել․․․

Միաժամանակ, այս տարի առավել քան տեսանելի էր, թե որքան անտարբեր է ներկա իշխանությունը Հայաստանում հաստատված արցախցիների հանդեպ։

Ինչ վերաբերվում է ՀՀ տնտեսությանը, ապա արտաքին գործոններով պայմանավորված նախորդ երկու տարիների աճն այդ գործոնների՝ ՀՀ-ից հեռանալուց հետո չքվել է՝ իր հետ տանելով նաև տնտեսական հրաշքի մասին լեգենդը․․․ Ասել է՝ այս բնագծում ևս այսօր Հայաստանը բախվում է սոցիալ-տնտեսական այն իրականության հետ, ինչն այս ապաշնորհ իշխանությունն է բերել։

Բայց Ամանոր է, իսկ Ամանորը միշտ լավի և բարու մասին է։

Ի հեճուկս Հայ հերոսների վաստակը և Հայության անձնազոհ մաքառումով ձեռք բերված հաղթական տարեթվերն արժեզրկելու՝ ներկա պարտվողական իշխանության քաղաքականության՝ օրերս հիշել էի մեր ազգային-քաղաքական մտքի բացառիկ ինտելեկտուալ երևույթ՝ Վահան Հովհաննիսյանի / դեկտեմբերի 28-ը նրա հիշատակի օրն էր/ հրապարակային մի ելույթը, ըստ էության, դասախոսությունը՝ Սպարապետ Վարդան Մամիկոնյանի և Վարդանանց պատերազմի դերի և նշանակության մասին։

Վահան Հովհաննիսյանը Հայության այդ շրջանը և յուր գործիչներին, կոնկրետ՝ Վարդան Մամիկոնյանին Հայ ինքնությունը փրկելու գործում ահռելի դեր վերապահելով՝ անչափ կարևորում էր տվյալ ժամանակի էլիտայի լուսավոր կերպարների դերը՝ առաջնորդի կարևորությունը գիտակցելու, իրենց իսկ ջանքով՝ Վարդան Մամիկոնյանին առաջնորդ կարգելով՝ Հայ ինքնության հանուն Ավարայրի ճակատամատում իրապե՛ս հաղթելու համար։ Վարդանանց պատերազմում հայության հաղթանակն ընդամենը «բարոյական» շեշտադրմամբ ներկայացնելու տեսակետները սին համարելով նա, ըստ էության, նշանային էր համարում ժամանակի էլիտայի դերը․ իրենք նման սերմին եղան, որ սեփական մահով կենդանություն հաղորդեցին ազգին՝ ապրելու և սեփական ինքնությունը պահպանելո՛վ ապրելու հոլովույթում․․․

Իսկ առանց ազգային ինքնության պետության և պետականության գիտակցում չէր կարող լինել։ Միաժամանակ, ազգային պետությունը և պետականությունն անհրաժեշտությու՛ն են հայ մնալու համար։

Նոր՝ 2025 թվականին վերապահված անելիքները շատ են ՝ ազգը հոգեբանորեն, բարոյապես ընկճելու գործառույթ ստանձնածների ավերը ներկայացնելու և կարևորը բացապարզելու իմաստով, այն է՝ հայ ինքնությունը փոխել-փոխակերպելու սև գործին լծվածը և նրա լծի տակ մտածները Հայոց պետության ղեկը վարել չէին կարող և չեն կարողացել։

Հայ մնալու համար ազգային պետություն և պետականություն է պետք։ Ազգային առաջնորդ։

Ա. Ե.

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment