
Օգնության բաշխումը կազմակերպվել էր Չարենցավան քաղաքի կենտրոնական հրապարակում` համայնքապետարանում և մշակույթի տանը, որը քաղաքացիական նախաձեռնությամբ վերածվել էր հումանիտար օգնության շտաբի:
«Առաջին օրվանից հայտարարություն ենք տվել համայնքի ուսանողներին, երիտասարդներին, ինքնաբուխ հավաքվել ենք: Կարողացանք հավաքել մեծ քանակի հագուստ, սնունդ», – ասում է Չարենցավանի համայնքապետարանի աշխատակից Գառնիկ Բեգլարյանը:
Գառնիկի հետ զրուցում ենք մշակույթի տան նախասրահում. պատերազմը մեկ ամիս է, ինչ ընթանում է: Մուտքին հանդիպակաց պատին փակցված են նախորդ պատերազմի զոհված մասնակիցների դիմանկարները: Նույն պատի մոտ սեղանների շուրջ երիտասարդներն արագ հավաքում են զինվորների համար սննդի արկղեր` ավելացնելով բարի մաղթանքները:
Կողքի սենյակում հավաքագրված հագուստը տեսակավորված է ըստ տարիքի և սեռի: Ժամանակ առ ժամանակ գալիս են կանայք` երեխաների հետ:
Բանակի համար առանձին դասավորվում է դեղորայք, ջուր, գեներատորներ և այլ անհրաժեշտ պարագաներ: «Նախաձեռնությունը ժամացույցի պես աշխատում ա, բոլորը գիտեն իրենց գործառույթը», – ասում է Գառնիկը: