
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, կայացել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատական նիստը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա նիստում ԵՊԲՀ գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց պաշտոնավարման կասեցումը։ Պարսեղյանը դատարանի դահլիճում հայտարարել է, որ ընդամենը ցանկանում է կենցաղն ապահովել, 1,5 տարի է, ինչ չի կարողանում մասնագետ լինելով հանդերձ՝ աշխատանք գտնել։
«Վերականգնեք իմ պաշտոնավարման կասեցումը, որ կարողանամ տարրական իմ կենցաղն ապահովել։ Ես հարգել եմ քննիչի, դատարանի որոշումը, բուհ չեմ մտել 1,5 տարի, այդ կողմով էլ չեմ անցել»,- նշել է Պարսեղյանը։
Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը միացավ միջնորդությանը՝ փաստելով, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն է միջնորդել վերականգնել Լարիսա Պարսեղյանին պաշտոնում, հետևաբար, այդ կազմակերպությունը որևէ կերպ վտանգ չի տեսնում։ Արմեն Աշոտյանը ուշադրություն հրավիրելց այն հանգամանքին, որ վերականգնվող մարդը պետք է հնարավորություն ունենա աշխատելու բուհի փաստաթղթերի հետ։
«Չլինելով փաստացի աշխատակից՝ նա իրավունք չի ունենալու այդ փաստաթղթերի հետ աշխատել։ Հիմնարկում չհաշվառված մարդը իրավունք չունի ծանոթանալու տվյալ հիմնարկի փաստաթղթաշրջանառության հետ։ Մյուս հանգամանքն այն է, որ աշխատեցնել մարդուն առանց վարձատրելու ոչ միայն սոցիալական խնդիր է, այլև աշխատանքային օրենսգրքով չկարգավորվող նորմ»,- նշել է Աշոտյանը։
Դատարանը մերժեց միջնորդությունը։ Դատական այսօրվա նիստում քննարկման առարկա դարձվեց Արմեն Աշոտյանին՝ ՀՀԿ ԳՄ անդամների հետ շփման թույլտվության մասին միջնորդությունը, որը ևս դատարանի կողմից մերժվեց։ Աշոտյանը նշեց, որ քաղաքական գործունեության սահմանափակումներ ներառում է նաև տնային կալանքը։ Նրա խոսքով՝ անգամ իր կուսակցության ղեկավարի հետ ապօրինի կապ չի հաստատել, օրինական թույլտվություն է խնդրում՝ ՀՀԿ ԳՄ անդամների հետ շփման համար։ Խոսքն առցանց շփման մասին է։
Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես 2022 տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Արմեն Աշոտյանը 2023 թվականի հունիսից մինչև 2024թ․ սեպտեմբերի 11-ը կալանքի տակ է գտնվել։ Դատարանը Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը և գրավը՝ 25 մլն դրամի չափով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան