![]()
Նախկին ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» (ՄԱՍԿ) հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 3-ին։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է կուսակցության համահիմնադիր Հովիկ Աղազարյանը։
«Պարոն Ասլանյանին և ինձ թվում է, որ մենք կարող ենք քաղաքական դաշտում մեր փորձով և գիտելիքներով օգտակար լինել, սա նաև փորձ է մնալ քաղաքականության մեջ։ Ամեն բան կախված է նրանից, թե ընտրողները ինչ գնահատական կտան մեր ծրագրին։ Մենք անպայման մասնակցելու ենք Ազգային Ժողովի ընտրություններին, ինչ վերաբերում է Գյումրիի ընտրություններին, ապա եթե հասցնենք մինչև այդ գրանցվել և անցնել բոլոր պահանջվող ընթացակարգերը, ապա կմասնակցենք նաև Գյումրիի ընտրություններին»,- նշել է Հ.Աղազարյանը։
Հարցին, թե այլ հայտնի հանրային քաղաքական դեմքերից ո՞ւմ կտեսնեն կուսակցությունում, նա չի պատասխանել, ասել է՝ համաժողովին կտեսնեք, սակայն նշել է, որ նախկին էլի ՔՊ-ականներ կլինեն.
«Անպայման, էլի ՔՊ-ականներ կան, որոնք մեզ կմիանան, դեռ չեմ կարող ասել, թե ովքեր են, առայժմ հարմար չեմ գտնում անուններ հնչեցնել»։
Նա նաև նշել է, որ կուսակցության նախագահին կընտրի համաժողովը։