Սերոբ Գասպարյանի ներկայացված մեղադրանքի հիմնավոր կասկածի շեմը նվազել է. Արձանագրել է դատարանը, բայց մեկ ամսով երկարացրել կալանքի ժամկետը – ՓԱՍՏԻՆՖՈ

«Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը երկարացրել է Սերոբ Գասպարյանի կալանավորման ժամկետը ՝ ևս մեկ ամսով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Փաստաբանը նշեց, որ նոր փաստական տվյալներ չեն ներկայացվել և դատարանն այս անգամ ևս, ինչպես նախորդիվ, արձանագրել էր, որ հիմնավոր կասկածի շեմը նվազել է, սակայն երկարացրել է կալանքը՝ կրկին արձանագրելով, որ հաջորդ անգամ այս փաստական տվյալները բավարար չեն լինելու կալանքի ժամկետը երկարացնելու համար։ Օրերս Վերաքննիչ դատարանն էլ մերժել էր նախորդ՝ կալանքի երկարացման որոշման դեմ բողոքը՝ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ։

Հիշեցնենք, որ ՔԿ-ն սեպտեմբերի 18-ին հայտարարել է՝ իշխանության յուրացման նախապատրաստման ենթադրյալ դեպքի մասին։ Ըստ ՔԿ-ի՝ շուրջ երեք տասնյակ խուզարկությունների, հարցաքննությունների արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև ԼՂ նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ, ինչի համար նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, ՌԴ-ում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների: Քրեական վարույթի շրջանակներում երեք անձ կալանավորվել է, յոթ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Կալանավորված անձանց թվում Սերոբ Գասպարյանն է, արցախցի Արմեն Մնացականյանը, որը Ռոստովից ՀՀ էր ժամանել՝ եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment