
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ԱՄՆ-ին «առաջարկել է» Կանադան, Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը վերահսկելու քաղաքակիրթ ճանապարհ։
«Անհասկանալի է, թե ինչու պետք է Միացյալ Նահանգները որպես երկիր բռնակցի Կանադան, Գրենլանդիան կամ նույնիսկ Բրիտանիան և հետ վերցնի Պանամայի ջրանցքը: Կա ավելի քաղաքակիրթ ճանապարհ՝ Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասքը պարզապես կարող են գնել հողը՝ այն դարձնելով իրենց մասնավոր սեփականությունը»,- գրել է քաղաքական գործիչը՝ X-ի իր էջում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Կանադան կարող է դառնալ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, եթե իշխանությունները չպայքարեն անօրինական միգրացիայի և թմրանյութերի մաքսանենգության դեմ։
Դեկտեմբերի 22-ին Թրամփը հայտարարել էր նաև, որ ցանկանում է վերադարձնել ԱՄՆ-ի վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ՝ դժգոհելով ամերիկյան նավերի նկատմամբ բարձր մաքսատուրքերից:
Թրամփը բարձրացրել էր նաև Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողության հարցը՝ պնդելով, որ այն ԱՄՆ-ին «միանգամայն անհրաժեշտ է»։