ՄԱԿ-ի միջազգային դատարանը ռոհինջաների զանգվածային սպանությունները որակել է ցեղասպանություն

ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում է կայացրել, որ 2017 թվականին ռոհինջաների զանգվածային սպանությունը ցեղասպանություն էր, որի համար որպես պետություն պատասխանատվություն է կրում Մյանման։

Դատավարության ընթացքում դատավորներն ապացուցված են համարել, որ զանգվածային սպանություններ են իրականացրել, բազմաթիվ բռնաբարություններ կատարել եւ ավերել ռոհինջաներով բնակեցված հարյուրավոր գյուղեր։

ՄԱԿ-ի գնահատականներով՝ դրա հետեւանքով զոհվել է առնվազն 10 հազար մարդ, իսկ առնվազն 700 հազարը ստիպված է եղել փախչել հարեւան Բանգլադեշ։

Մյանման հերքել է ցեղասպանության մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր բանակը պարզապես պատասխանել է զինված խմբավորումների հարձակումներին։

Դատարանի որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ։

Սա առաջին դեպքն է, երբ ցեղասպանության համար պատասխանատվությունը դրվում է պետության՝ որպես ինստիտուտի վրա։ Մինչ այժմ այդ հանցագործության համար մեղավոր էին ճանաչվում միայն կոնկրետ անձինք։

Մյանմայի դեմ հայցը ՄԱԿ-ի դատարան էր ներկայացրել Գամբիան՝ պատճառաբանելով, որ ցեղասպանության մասին չափազանց կարեւոր միջազգային կոնվենցիայի խախտումն առնչվում է նաեւ իր շահերին՝ որպես միջազգային հանրության անդամի։ Դատարանը հայցը հիմնավոր է համարել։

Ինչպես նշում է Reuters-ը, դատարանի որոշումը կարող է հետեւանքներ ունենալ Մյանմայի սահմաններից շատ ավելի հեռու, այդ թվում՝ Իսրայելի դեմ գործի քննության ժամանակ։ Իսրայելը մեղադրվում է Գազայի հատվածում պաղեստինցիների ցեղասպանության մեջ։ Այդ գործը 2023 թվականին նախաձեռնել էր Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

Leave a Comment