Հայաստանում նախատեսվում է փոփոխություններ կատարել անձնական տվյալների փոխանցման էլեկտրոնային տեղեկատվական համակարգի գործող կարգում՝ նոր օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։
Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության մշակած կառավարության որոշման նախագծի հիմնավորումը, որով առաջարկվում է անձնական տվյալների փոխանցման ընթացքում կիրառվող տեխնիկական պահանջներն ու անվտանգության կանոնակարգերը համապատասխանեցնել նոր իրավական կարգավորումներին։
Ինչո՞վ է պայմանավորված փոփոխությունների անհրաժեշտությունը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ հաստատվել է էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցման կարգը։
Գործող կարգով տվյալների փոխանցման տեխնիկական միացման և անվտանգության պահանջները կապված են կառավարության N 1093-Ն որոշմամբ սահմանված ընդհանուր պահանջների և դրանց հիման վրա օպերատորի մշակած նվազագույն պահանջների հետ։
Սակայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում 2025 թվականի դեկտեմբերի 4-ին կատարված փոփոխություններով վերանայվել են անձնական տվյալների մշակման կարգի և անվտանգության պահանջների հաստատման իրավասությունները։
Մասնավորապես, անձնական տվյալների մշակման կարգը և անվտանգության ապահովման ընթացակարգը հաստատելու իրավասությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը, իսկ դրանցից բխող տեխնիկական պահանջներն ու անվտանգության կանոնակարգերը հաստատելու իրավասությունը՝ «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով նախատեսված ինքնավար մարմնին։
Այս փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել նաև անձնական տվյալների փոխանցման գործող կարգը։
Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշման մի շարք դրույթներում՝ ամրագրելով ինքնավար մարմնի հաստատած տեխնիկական պահանջների և անվտանգության կանոնակարգերի կիրառումը։
Մասնավորապես, փոփոխությունները վերաբերելու են՝
-
անձնական տվյալների փոխանցման տեխնիկական պահանջներին,
-
տվյալների բազաների տեխնիկական հասանելիությանը,
-
ծրագրային հարցումների և ծրագրավորման կիրառական ինտերֆեյսի (API) անվտանգությանը,
-
անձնական տվյալների փոխանցման ընթացքում անվտանգության կանոնակարգերի պահպանմանը։
Այսպիսով, տվյալների փոխանցման գործընթացում տեխնիկական և անվտանգության պահանջները կսահմանվեն համապատասխան ինքնավար մարմնի հաստատած փաստաթղթերով։
Ե՞րբ կգործեն նոր կարգավորումները
Նախագծով նախատեսվում է, որ կառավարության որոշման փոփոխություններն ուժի մեջ կմտնեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ինքնավար մարմնի՝ համապատասխան տեխնիկական պահանջներն ու անվտանգության կանոնակարգերը հաստատող ակտի ուժի մեջ մտնելու օրը։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ վարչապետի 2026 թվականի փետրվարի 13-ի N 117-Ա որոշմամբ հաստատված՝ մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկից։ Մասնավորապես, այս նախագիծը նախատեսված է նշված ցանկի 28-րդ կետով։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝
-
անձնական տվյալների փոխանցման կարգը համապատասխանեցնել նոր օրենսդրական պահանջներին,
-
հստակեցնել տվյալների բազաների տեխնիկական հասանելիության և ծրագրային հարցումների նկատմամբ կիրառվող պահանջները,
-
ապահովել ինքնավար մարմնի հաստատած տեխնիկական պահանջների և անվտանգության կանոնակարգերի միասնական կիրառումը,
-
նպաստել անձնական տվյալների անվտանգ փոխանցմանը։
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի նախատեսվում, լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն նույնպես չի առաջանում։