ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային առաջարկել է ՆԱՏՕ-ի անդամակցություն՝ Դոնբասից դուրս գալու դիմաց. Զելենսկի

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային առաջարկել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն՝ Դոնբասից դուրս գալու դիմաց։

«Ես բազմիցս ասել եմ՝ Ուկրաինան չի նահանջելու և իր տարածքները չի զիջելու ահաբեկիչներին»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու խոսքով՝ Կիևն այժմ գործընկերների հետ քննարկում է համապարփակ փաթեթ, որը ներառում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կողմից տրամադրվող հստակ անվտանգության երաշխիքներ, համապատասխան թվաքանակով և սպառազինությամբ հզոր ուկրաինական բանակ, ֆինանսական աջակցություն, ինչպես նաև երկրի վերակառուցման ծրագիր։

Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մյուս գործընկերները հավանություն տան առաջարկին, այն կներկայացվի ուկրաինական հասարակության քննարկմանը։ Զելենսկին ընդգծել է, որ չի կարող նման որոշում կայացնել միանձնյա, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը։

Նա հավելել է, որ ամերիկյան կողմն այժմ քննարկում է ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ և 5-րդ հոդվածներին համանման անվտանգության երաշխիքների տրամադրման հարցը։ Այդուհանդերձ, երաշխիքների շրջանակում Ուկրաինայի տարածքում ամերիկյան զորքերի տեղակայում նախատեսված չէ։

Զելենսկու խոսքով՝ Վաշինգտոնն այդ երաշխիքներն անվանում է երկկողմանի և համեմատում Իսրայելի ու Մերձավոր Արևելքի որոշ երկրների հետ կնքված անվտանգության համաձայնագրերի հետ։

Leave a Comment