Հիշեցնենք, որ գործը նախապես մակագրվել էր դատավոր Արամ Գրիգորյանին, որը մինչ այդ որոշում էր կայացրել Արսեն Գևորգյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Նոյեմբերի 11-ին Գրիգորյանը ինքնաբացարկ է ներկայացրել, հաջորդ օրը՝ նոյեմբերի 12-ին գործը վերամակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։
Ինքնաբացարկի որոշման մեջ դատավոր Գրիգորյանը նշել է, որ 2026 թվականի նոյեմբերի 10-ին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել Արսեն Գևորգյանի՝ քրեակատարողական հիմնարկում մահվան մասին։ Մահվան հանգամանքների վերաբերյալ հրապարակումներում, այդ թվում՝ մեղադրյալի պաշտպանի հայտարարություններում, նրա մահն անուղղակիորեն կապվել է կալանավորման հանգամանքի հետ։ Միաժամանակ կասկածի տակ է դրվել մինչդատական վարույթի ընթացքում կայացված կալանքի որոշման օրինականությունը, ինչպես նաև գործը նույն դատավորի վարույթում գտնվելու պայմաններում նրա անաչառությունը։
Արամ Գրիգորյանը նշել է, որ ինքն անձամբ կարող է անկողմնակալ լինել գործի քննության ընթացքում, սակայն ստեղծված իրավիճակը կարող է ողջամիտ կասկածներ առաջացնել անաչառ դիտորդի մոտ՝ դատավորի անկողմնակալության վերաբերյալ։
«Արդարադատության շահից ելնելով՝ անհրաժեշտ է հայտնել ինքնաբացարկ»,- նշել է դատավորը՝ հավելելով, որ հակառակ դեպքում կարող է կասկածի տակ դրվել ինչպես դատական քննության օբյեկտիվությունը, այնպես էլ դրա շրջանակում կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը։
Նշենք, որ Արսեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում ընտրակաշառք տալու և դրա նախապատրաստման համար։
Ըստ մեղադրանքի՝ Գևորգյանը, լինելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող թեկնածուն, նախնական համաձայնության է եկել կուսակցության դեռևս չպարզված անդամների հետ և խմբի կազմում, մեկ միասնական դիտավորությամբ, ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց տվել ընտրակաշառք, ինչպես նաև նախապատրաստվել է ընտրակաշառք տալու։
Այս քրեական գործով ընդհանուր առմամբ կա 14 մեղադրյալ, որոնցից վեցը կալանավորվել են, իսկ մյուսների նկատմամբ ընտրվել են ավելի մեղմ խափանման միջոցներ։
Հիշեցնենք, որ 46-ամյա Արսեն Գևորգյանը նոյեմբերի 10-ին մահացել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նրա մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ։