Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները սկսել են նախապատրաստական աշխատանքները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբից ի վեր գերիների ամենամասշտաբային փոխանակման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին՝ նշելով, որ բանագնացները գործում են Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ։
Գերիների փոխանակման նախնական համաձայնությունը ձեռք է բերվել նոյեմբերի 11-ին՝ Աբու Դաբիում ավարտված ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում։
Բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները մեկնել են Մոսկվա և շուրջ երկու ժամ տևած հանդիպում են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այնուհետև նրանք ուղևորվել են Դուբլին՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Ջարեդ Քուշները X-ի իր էջում նշել է, որ այս քայլը կարող է հազարավոր մարդկանց վերամիավորել իրենց ընտանիքների հետ։ Պաշտոնական կողմերը դեռևս չեն հստակեցնում փոխանակման հստակ ժամկետները և վերադարձվողների վերջնական թիվը, սակայն Ուկրաինայի նախագահը նախկինում նշել էր, որ քննարկվել են «1000-ը 1000-ի դիմաց» կամ «1500-ը 1500-ի դիմաց» ձևաչափերը։