Iravaban.net-ը ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը, որով ԿԿՀ-ն մերժել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի հնարավոր խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու հարցը։ Խոսքը Երևանի Աջափնյակ վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին է, որի տեսանյութում Փաշինյանը գումար է դնում սեղանին՝ նշելով, որ այն նախատեսված է ներկաների համար գարեջուր հյուրասիրելու նպատակով։
Հանձնաժողով դիմել էր քաղաքացի Սեմյոն Բաբայանը, որը 2026 թվականի հոկտեմբերի 26-ին երկու դիմում էր ներկայացրել՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի գործողությունները հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնների հնարավոր խախտման տեսանկյունից։
Դիմումատուն, հղում անելով համացանցում տարածված տեսանյութերին, նշել էր, որ վարչապետը ներկա է եղել քաղաքացիների միջև ընթացող նարդու խաղին, որի ընթացքում խաղացողներից մեկը՝ տարեց քաղաքացին, պարտվել էր 12 հազար դրամ։ Բաբայանի գնահատմամբ՝ Փաշինյանը, խաղի ընթացքում գումար դնելով սեղանին, ոչ թե դատապարտել կամ կանխել է հանրային վայրում դրամական խաղադրույքով խաղը, այլ իր գործողություններով կարող էր խրախուսել նման վարքագիծը։
Դիմումատուն խնդրահարույց էր համարել նաև այն հանգամանքը, որ վարչապետը, ըստ իր գնահատականի, պարտված քաղաքացու հնարավոր պարտավորությունը լուծելու փոխարեն ընտրել էր գումար տրամադրելու կենցաղային տարբերակը։
Բաբայանն ուշադրություն էր հրավիրել նաև տեսանյութում Փաշինյանի հնչեցրած արտահայտության վրա. «Հիմա չգիտեմ՝ կրվածն իմ վրա վերցնե՞մ, թե՞ կասեն՝ մոլախաղերին աջակցում է վարչապետը»։ Դիմումատուի համոզմամբ՝ այս խոսքերը ցույց են տալիս, որ վարչապետը գիտակցել է իրավիճակի իրավական և էթիկական ռիսկերը։
Հանձնաժողովը, ուսումնասիրելով դիմումները, արձանագրել է, որ դրանցում չի մատնանշվել վարքագծի կանոնագրքով սահմանված այն կոնկրետ կանոնը, որի հնարավոր խախտման վերաբերյալ պետք է իրականացվեր ուսումնասիրությունը։
Միաժամանակ Հանձնաժողովը նշել է, որ ներկայացված տեսանյութերի և դիմումներում նկարագրված հանգամանքների ուսումնասիրությամբ առերևույթ չի հայտնաբերվել Կանոնագրքով սահմանված վարքագծի կանոնների խախտման մասին վկայող որևէ հանգամանք։
Որոշման մեջ Հանձնաժողովը հղում է արել «Հանրային ծառայության մասին» օրենքին և իր գործունեությունը կարգավորող օրենսդրությանը՝ նշելով, որ վարույթ հարուցելու համար պետք է առկա լինեն օրենքով նախատեսված հիմքեր։ Տվյալ դեպքում նման հիմքեր չեն արձանագրվել։
Արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է մերժել Սեմյոն Բաբայանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 26-ին ներկայացրած երկու դիմումների հիման վրա վարույթ հարուցելը։
Տեղեկացնում է Iravaban.net-ը։