ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել երկրի բոլոր օդանավակայաններից օդանավերի մեկնումները։ Գերատեսչության հայտարարության համաձայն՝ որոշումը պայմանավորված է «արտակարգ հանգամանքներով և անվտանգության նկատառումներով»։
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, սահմանափակումը կիրառվել է ավիահաղորդակցության կառավարման համակարգում կապի լուրջ խնդիրների առաջացման մասին FAA-ի հայտարարությունից հետո։ Կապի համակարգում խափանման մասին հայտնել է նաև ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին։
Օդում գտնվող օդանավերին թույլատրվել է շարունակել թռիչքը և վայրէջք կատարել։ FAA-ի փոխանցմամբ՝ միջազգային չվերթների հարցը կքննարկվի անհատական կարգով։
Սեպտեմբերի 11-ի՝ 2001 թվականի ահաբեկչություններից հետո սա երկրորդ դեպքն է, երբ ԱՄՆ-ում որոշում է կայացվում դադարեցնել բոլոր օդանավակայաններից մեկնումները։
Նախորդ նմանատիպ դեպքը գրանցվել էր 2023 թվականի հունվարի 11-ին, երբ խափանում էր տեղի ունեցել օդաչուների համար նախատեսված ծանուցումների համակարգում։
ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով պաշտոնյա Մարկուեյն Մալինն ավելի ուշ հայտնել է, որ ոչ մի նշան չկա, թե երկրի ողջ տարածքում ավիաչվերթների դադարեցումը պայմանավորված է եղել անվտանգության սպառնալիքով։
«Սա սեպտեմբերի 11-ի դեպքերի կրկնությունը չէ», -ասել է նա՝ վստահեցնելով հանրությանը, որ բոլոր չվերթները վերահսկողության տակ են, և մարդիկ անվտանգ են, սակայն նախազգուշացրել է, որ խափանումը վերացնելու համար «որոշ ժամանակ կպահանջվի»։