Կոշտան և ֆոն դեր Լայենը Կալասին մերժել են Ռուսաստանի հետ բանակցությունները ղեկավարելու հարցում

Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրապարակայնորեն մերժել են Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասին՝ Ռուսաստանի հետ բանակցությունները ղեկավարելու հարցում։ Այս մասին նրանք հայտարարել են Դուբլինում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի համատեղ մամուլի ասուլիսում։

Կոշտան, մեկնաբանելով Կալասի՝ գագաթնաժողովից առաջ արած հայտարարությունը, թե ԵՄ հիմնարար փաստաթղթերի համաձայն՝ Ռուսաստանի հետ բանակցությունները պետք է վարի հենց ինքը, նշել է, որ միության հիմնական համաձայնագրերը հստակ սահմանում են կառույցների լիազորությունները։

«Եվրոպական խորհրդի նախագահը ներկայացնում է Եվրոպական խորհուրդը և Եվրամիությունը արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերում՝ պետությունների ղեկավարների մակարդակով։ Իսկ Եվրահանձնաժողովի նախագահը ներկայացնում է Եվրահանձնաժողովը, որն իր հերթին ներկայացնում է ԵՄ անդամ երկրներին միության գործերին վերաբերող հարցերում»,- ասել է Կոշտան։

«Մենք ենք որոշում՝ ով է մեզ ներկայացնելու, և այդ որոշումն այսօր ընդունել ենք։ ԵՄ 27 ինքնիշխան երկրներն ու միության կառույցները կայացրել են իրենց որոշումը»,- հավելել է ֆոն դեր Լայենը։

Ավելի վաղ Կոշտան հայտնել էր, որ ԵՄ առաջնորդները համաձայնեցրել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախատեսված պատվիրակության կազմը։ Նրա խոսքով՝ դրանում կընդգրկվեն Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ներկայացուցիչները, ինչպես նաև այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» հինգ երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանն ու Մեծ Բրիտանիան։

Կոշտայի կարծիքով՝ պատվիրակության այդքան մեծ կազմը խնդիր չէ, քանի որ ամերիկյան պատվիրակությունը բաղկացած է երկու, իսկ ուկրաինականը՝ մի քանի հոգուց։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցություններին եվրոպացիների մասնակցությունը Մոսկվայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ընթացքում չի քննարկվել։

Leave a Comment