Սպիտակ տուն. Քուշներն ու Ուիթքոֆը մասնակցում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման նախապատրաստմանը

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկյան առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, մասնակցում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքներին։

Սպիտակ տան փոխխոսնակ Աննա Քելլին X սոցիալական ցանցում գրել է, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների և Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ երկկողմ շփումների արդյունքում Ուիթքոֆն ու Քուշները կարողացել են ապահովել եվրոպացի գործընկերների մասնակցությունը առաջիկա խորհրդակցություններին և սկսել աշխատանքները ռազմագերիների փոխանակման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այն կարող է դառնալ պատերազմի ընթացքում ամենամասշտաբայինը։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինականը՝ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։ Բանակցությունների մեկնարկին ներկա են եղել նաև Ուիթքոֆն ու Քուշները, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը և ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդալլահ բեն Զայեդ Ալ Նահայանը։

Մեդինսկին հայտնել էր, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ, որի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում։ Նա նաև նշել էր, որ Աբու Դաբիի հանդիպման առանցքային թեմաներից մեկը եվրոպական անվտանգության համակարգն էր, և որոշ հարցերում կողմերին հաջողվել է փոխըմբռնման հասնել։

Եռակողմ բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները մեկնել էին Մոսկվա, որտեղ նրանց ընդունել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Leave a Comment