Նիդեռլանդների թագուհի Մաքսիման Բրեդա քաղաքի Թագավորական ռազմական ակադեմիայում պահեստազորի սպայի երդում է տվել։ Թագավորական տան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ռազմական պատրաստությունն ավարտելուց հետո նրան շնորհվել է Նիդեռլանդների զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի փոխգնդապետի կոչում։
Նշվում է, որ պահեստազորում միապետ Վիլեմ-Ալեքսանդրի կինը կկատարի շտաբային սպայի պարտականություններ։ Մաքսիմայի հետ երդում են տվել ևս 23 պահեստազորայիններ։ Արարողությունը վարել է Նիդեռլանդների զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յան Սվիլենսը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը և գահաժառանգ արքայադուստր Ամալիան։
Մաքսիման պահեստազորում ընդգրկվելու դիմում էր ներկայացրել 2026 թվականի սկզբին։ Նա անցել է տեսական և գործնական պատրաստության դասընթաց, որի ընթացքում յուրացրել է զինվորական հիմնական հմտությունները։ Թագուհու ուսուցումն ավարտվել է նոյեմբերի 11-ին։
Նրա ամուսինը՝ թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը, նախկինում պարտադիր զինվորական ծառայություն է անցել Նիդեռլանդների ռազմածովային ուժերում, այնուհետև ծառայել է ցամաքային զորքերում և ռազմաօդային ուժերում։ Զույգի ավագ դուստրը՝ գահաժառանգ արքայադուստր Ամալիան, 2025 թվականից ռազմական պատրաստություն է անցնում Defensity College ծրագրով։ Հոկտեմբերին նրան շնորհվել է սերժանտի կոչում։