ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշներն ու Սթիվեն Ուիթքոֆը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Դուբլինում Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումներից հետո հայտարարել են, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են եվրոպացի ներկայացուցիչներին ներգրավել խաղաղ բանակցությունների հաջորդ փուլում։
Քուշների խոսքով՝ կողմերը համաձայնել են ընդլայնել բանակցությունների ձևաչափը՝ ներառելով եվրոպացի գործընկերներին։ Զելենսկին նույնպես նշել է, որ եվրոպական ներկայացուցիչներն ավելի ակտիվորեն կներգրավվեն դիվանագիտական գործընթացում։
Կրեմլը պաշտոնապես չի հաստատել Մոսկվայի համաձայնությունը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է նախ հստակեցնեն՝ ցանկանում են խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմի շարունակություն։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասն իր թեկնածությունն է առաջարկել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու բանակցություններում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում:
«Ես կկարողանամ խուսափել Ռուսաստանի կողմից լարվող թակարդներից», — հայտարարել է նա:
Նա նշել է, որ որպես դաշինքի արտաքին քաղաքականության ղեկավար, իր պարտականությունն է համարում ստանձնել առաքելություն, որի արդյունքից շատ բան է կախված: Այնուամենայնիվ, Կալասը խոստովանել է, որ Մոսկվան դժկամությամբ է իրեն տեսնում բանակցությունների սեղանի շուրջ:
«Բայց արդյո՞ք մենք ենք որոշում, թե ով է ներկայացնում Ռուսաստանը: Ո՛չ», — ասել է նա՝ հավելելով․ «մեզ իսկապես ուժեղ թիմ է պետք»:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 10-11-ին, Աբու Դաբիում տեղի էին ունեցել Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցություններ։ Դրանց ընթացքում քննարկվել էին ինչպես պատերազմի դադարեցման պայմանները, այնպես էլ հետպատերազմյան Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը։
Քուշների խոսքով՝ բանակցությունների հաջորդ փուլում զուգահեռաբար կքննարկվեն տարածքային հարցերն ու Եվրոպայի անվտանգության համակարգը։ Նա նաև ընդգծել է Ուկրաինայի համար հուսալի անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը։
Բանակցությունների հաջորդ փուլի ժամկետն ու ձևաչափը դեռ հստակեցված չեն։