Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խոստովանել է, որ Եվրոպայում մտահոգված են Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ից նոր «անակնկալներ» ստանալու հավանականությամբ։
«Մենք նաև գիտենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ մտադիր է Ուկրաինայի հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,– Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, լրագրողներին ասել է Մերցը։ Նրա խոսքերը մեջբերում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։
«Այստեղ՝ Դուբլինում, ոմանք մտահոգված են, որ դա կարող է, այսպես ասած, դառնալ երկրորդ Անքորիջը։ Այդ պատճառով ցանկանում եմ ևս մեկ անգամ հղել մեր ուղերձն ԱՄՆ-ին՝ խնդրում ենք՝ առանց անակնկալների»,– նշել է Մերցը։
Նոյեմբերի 18-19-ը Չինաստանի հարավում՝ Գուանդուն նահանգի Շենժեն քաղաքում, կկայանա Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) առաջնորդների 33-րդ ոչ պաշտոնական հանդիպումը։ Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը նախօրեին լրագրողներին հայտնել է, որ շարունակվում են Պուտինի, Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հնարավոր եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
2025 թվականի օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում՝ Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաբազայում, տեղի էր ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների առաջին հանդիպումը 2021 թվականից ի վեր։ Գագաթնաժողովի հիմնական թեման Ուկրաինայի հակամարտության կարգավորումն էր։ Օգոստոսի 16-ին Պուտինը Կրեմլում կայացած խորհրդակցության ժամանակ բանակցությունները որակել էր բովանդակալից՝ նշելով, որ դրանք կողմերին մոտեցրել են անհրաժեշտ որոշումներին։ Թրամփն իր հերթին հայտարարել էր, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումն այժմ կախված է Վլադիմիր Զելենսկուց։