Վան Ի․ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է կյանքի կոչեն ռազմավարական կայունության վերաբերյալ պայմանավորվածությունները

Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է կյանքի կոչեն երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ փոխադարձ հարգանքի, արդարության և փոխադարձության հիման վրա ռազմավարական կայունության կառուցողական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ Պեկինում 2026 թվականի չին-ամերիկյան քաղաքական երկխոսության ամերիկացի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդում է «Xinhua» գործակալությունը։

«Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է հստակ սահմանեն համատեղ ջանքերի նպատակները, ընդլայնեն փոխշահավետ համագործակցության ոլորտները, ամրապնդեն երկկողմ հարաբերությունների հիմքերը և ձգտեն պահպանել խաղաղությունն ու կայունությունն ամբողջ աշխարհում»,– մեջբերում է գործակալությունը Վան Իի խոսքերը։

Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև կոչ է արել հավատարիմ մնալ փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքներին։

Ամերիկյան կողմի ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ մարդասիրական և մշակութային փոխանակումները, հատկապես երիտասարդների և ուսանողների միջև, նպաստում են երկու երկրների ժողովուրդների բարեկամության և փոխվստահության ամրապնդմանը։ Նա շնորհակալություն է հայտնել առաջիկա հինգ տարում 100 հազար ամերիկացի երիտասարդների՝ փոխանակման ծրագրերի և ուսման նպատակով Չինաստան այցելելու հրավերի համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցելու երկկողմ հարաբերությունների առողջ և կայուն զարգացմանը։

Leave a Comment