ՀՀ կառավարությունն առաջարկում է ընդլայնել ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շահառուների շրջանակը՝ հնարավորություն տալով կաղնեփայտե տակառներ ձեռք բերել ոչ միայն գինեգործության, այլև սննդամթերքի և խմիչքի արտադրության այլ ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին։
Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծն ու դրա հիմնավորումը։
Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ, որով հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը։
Ինչո՞ւ են առաջարկվում փոփոխությունները
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ներկայումս ծրագրի շրջանակում շահառուները կարող են լիզինգով ձեռք բերել գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տակառներ։
Գործող կարգավորմամբ այդ հնարավորությունից կարող են օգտվել «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքով սահմանված գինեգործական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները։
Սակայն կաղնեփայտե տակառներն օգտագործվում են նաև սննդամթերքի և խմիչքի արտադրության այլ ոլորտներում՝ մասնավորապես պտղահատապտղային գինիների և օղիների, ինչպես նաև խնձորի քացախի արտադրության մեջ։ Դրանք անհրաժեշտ են արտադրանքը պահելու և հնացնելու, ինչպես նաև ավելի բարձրարժեք ու պահանջված արտադրանք ստանալու համար։
Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում պտղահատապտղային գինիների և օղիների մեծ մասն արտադրվում է գինեգործության ոլորտի տնտեսավարողների կողմից, որոնք ծրագրի շրջանակում ձեռք բերված տակառներն օգտագործում են նաև այդ արտադրանքի պահման և հնացման նպատակով։ Մինչդեռ կան բազմաթիվ փոքր տնտեսավարողներ, որոնք զբաղվում են միայն պտղահատապտղային գինիների, օղիների և խնձորի քացախի արտադրությամբ և ներկայում զրկված են պետական աջակցության ծրագրով կաղնեփայտե տակառներ ձեռք բերելու հնարավորությունից։
Ո՞վքեր կկարողանան օգտվել ծրագրից
Նախագծով առաջարկվում է ծրագրի շրջանակում կաղնեփայտե տակառներ ձեռք բերելու հնարավորություն տալ նաև սննդամթերքի և խմիչքի արտադրության ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին։
Այսպիսով՝ պետական աջակցության ծրագրի շահառուների շրջանակը կընդլայնվի՝ ներառելով նաև պտղահատապտղային գինիների, օղիների և խնձորի քացախի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին։
Ի՞նչ նպատակով են օգտագործվելու կաղնեփայտե տակառները
Կաղնեփայտե տակառները հնարավորություն են տալիս արտադրանքը պահել և հնացնել՝ բարելավելով դրա որակական հատկանիշները և նպաստելով ավելի բարձրարժեք արտադրանքի ստացմանը։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ նոր կարգավորումը հնարավորություն կտա նաև փոքր տնտեսավարողներին արդիականացնել արտադրական գործընթացները և բարելավել թողարկվող արտադրանքի պահման հնարավորությունները։
Որքա՞ն ֆինանսական միջոցներ կպահանջվեն
Հիմնավորման համաձայն՝ ծրագրի գործողության ընթացքում լիզինգով ձեռք բերված կաղնեփայտե տակառների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 85.4 մլն դրամ։
Նախագծի ընդունման արդյունքում կաղնեփայտե տակառների ձեռքբերման լրացուցիչ լիզինգի արժեքը գնահատվում է շուրջ 10 մլն դրամ։
Նշվում է, որ այդ գումարը էական ազդեցություն չի ունենա ծրագրի ընդհանուր պորտֆելի և սուբսիդավորման չափի վրա։ Առաջացող պարտավորությունները կկատարվեն Էկոնոմիկայի նախարարության 2026 և 2027 թվականների բյուջեներով, ինչպես նաև 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված միջոցների շրջանակում։ Լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջանա։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ բուսաբուծության, սննդամթերքի և խմիչքի արտադրության ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողները լիզինգով ձեռք կբերեն կաղնեփայտե տակառներ, ինչը կնպաստի արտադրանքի պահման հնարավորությունների բարելավմանը և տնտեսավարողների գործունեության արդյունավետության բարձրացմանը,-տեղեկացնում է Iravaban.net–ը։