Աբու Դաբիից՝ Մոսկվա․ Ուիթքոֆն ու Քուշները Պուտինի հետ քննարկել են եռակողմ բանակցությունների արդյունքները

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշներն այսօր Մոսկվայում քննարկել են Աբու Դաբիում կայացած եռակողմ խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցված առաջարկները։

Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո կարճ մեկնաբանություն է տվել CNN հեռուստաընկերությանը։

«Ես կարծում եմ՝ այսօր առաջընթաց է գրանցվել, — ասել է Ուիթքոֆը, — Մարդիկ մտածում էին, որ մենք չենք կարող եռակողմ բանակցություններ սկսել, բայց մենք դա արեցինք և, ի լրումն դրա, պայմանավորվեցինք նոր հանդիպման մասին»։

Կրեմլում նույնպես մեկնաբանել են Պուտինի՝ Ուիթքոֆի և Քուշների հետ հանդիպման արդյունքները

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի զրույցը ԱՄՆ ներկայացուցիչների հետ եղել է «բովանդակալից, կառուցողական, անկեղծ և օգտակար, ինչպես բոլոր նախորդ զրույցները»։

Նրա խոսքով՝ ամերիկացի բանակցողներն ակտիվորեն աջակցել են Դոնեցկի մարզի Կոնստանտինովկայում հումանիտար գործողություն իրականացնելու Պուտինի առաջարկին։

Բացի այդ, Պուտինի օգնականի խոսքով, այժմ համաձայնեցվում են գերիների փոխանակման հետ կապված պարամետրերը։

Ուշակովը նաև հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել եվրոպական անվտանգության վերաբերյալ առաջարկները՝ նշելով որ Մոսկվան այդ հարցում «թարմ նկատառումներ» ունի։

Ուշակովը նաև ասել է, որ Կրեմլում ակնկալում են, որ Ուիթքոֆը և Քուշները Պուտինի հետ հանդիպումից ստացված «ազդակները կհասցնեն» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների եռակողմ բանակցություններն Աբու Դաբիում ընթացել էին նախորդ երկու օրերին՝ նոյեմբերի 10–11-ին։

Leave a Comment