ԵԱՏՄ-ից Հայաստանին հեռացնելու իրավական հիմնավորումները համոզիչ չեն. ֆինանսների նախարար

Այսօր Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ամփոփման ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է՝ արդյոք գործադիրը սցենարային պլանավորում իրականացրել է՝ հաշվի առնելով արտաքին միջավայրի հնարավոր փոփոխությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամակցության առավելություններից զրկվելու ռիսկը։

«Մեր սցենարը միջինացված չէ, այլ իրատեսական։ Ինչ վերաբերում է ռիսկերին, ունենք գնահատումներ, և այդ ռիսկերի նյութականացման դեպքում դրանց ազդեցությունը մեղմելու համար նախատեսված են պահուստային միջոցներ», – պատասխանել է ֆինանսների նախարարը։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին՝ Հովհաննիսյանը հայտարարել է, որ վերջերս հրապարակված զեկույցում Հայաստանի անդամակցությունը կասեցնելու իրավական հիմնավորումները կառավարությունը համոզիչ չի համարում։

«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, մեծ խնդիր չեմ տեսնում։ ԵԱՏՄ-ից դուրս գալու իրավական մեխանիզմները, որ այդ զեկույցում ներկայացված են, մեր կարծիքով՝ հիմնավոր չեն», – ասել է նա։

ԵԱՏՄ մյուս չորս անդամների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կազմած զեկույցում գնահատվել էին միությանը Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման տնտեսական հետևանքները։ Ըստ հեղինակների՝ այդ դեպքում Հայաստանում գազը կթանկանա շուրջ 70 տոկոսով, արտահանումը կնվազի 30-50 տոկոսով, իսկ ՀՆԱ-ն՝ ավելի քան 15 տոկոսով։

Թեև զեկույցի հեղինակներն ընդունել էին, որ ԵԱՏՄ պայմանագրով անդամակցությունը կասեցնելու կամ անդամին հեռացնելու մեխանիզմ նախատեսված չէ, նրանք հղում էին արել Վիեննայի կոնվենցիային, որը «որոշ պայմաններով թույլ է տալիս բազմակողմ պայմանագրի գործողությունը դադարեցնել կամ կասեցնել դրա մասնակիցներից մեկի նկատմամբ»։

Հայաստանի իշխանությունները համաձայն չեն զեկույցի գնահատականներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանն իր առարկությունները կփոխանցի ԵԱՏՄ գործընկերներին։

Նախարարն անդրադարձել է նաև 2026 թվականին հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ռուսական շուկա արտահանման սահմանափակումներին՝ պնդելով, որ խնդիրները կհաղթահարվեն։

«Այդ հարցերն ամբողջությամբ կլուծվեն. կամ այդ սահմանափակումները կվերանան, կամ դիվերսիֆիկացման ուղղությամբ մեր ջանքերը հաջողություն կունենան, թեև արդեն ունենք հաջողություններ», – հայտարարել է Հովհաննիսյանը։

Leave a Comment