Քննարկվել է միջխորհրդարանական կապերի զարգացման ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

9 Նոյեմբերի, 2026

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանն ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին, բարձր գնահատել երկու երկրների միջև առկա դարավոր բարիդրացիական հարաբերությունները։

Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան կապերը վերջին շրջանում դինամիկ զարգանում են, ինչը տարածաշրջանային համագործակցության ու հարաբերությունների զարգացման լավ օրինակ է։ Պատգամավորը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում։

Կողմերը փաստել են տնտեսական, էներգետիկ, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում կապերի ակտիվ զարգացումն ու ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի հարավում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում իրանական կազմակերպությունների զգալի ներգրավվածությանը։

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։

Մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են, որ հարաբերությունների զարգացման գործում ակտիվ փոխայցերն ունեն ուրույն դերակատարում ու քննարկվել երկկողմ այցերի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Leave a Comment