
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը նոր կառավարության ձևավորումը կհանձնարարի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտին։ Այզենկոտը համապատասխան մանդատը կստանա այսօր։
Նա 28 օր կունենա կառավարող կոալիցիա ձևավորելու համար։ Անհրաժեշտության դեպքում նախագահը կարող է այդ ժամկետը երկարաձգել ևս 14 օրով։ Եթե Այզենկոտին չհաջողվի կառավարություն կազմել, մանդատը կարող է փոխանցվել մեկ այլ քաղաքական գործչի, այդ թվում՝ գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուին։
Հերցոգն այս որոշումը կայացրել է քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից հետո։ Ըստ The Times of Israel-ի՝ Այզենկոտի թեկնածությանն աջակցել է 67 պատգամավոր, մինչդեռ Նեթանյահուին՝ 46-ը։
Հոկտեմբերի 27-ին Իսրայելում անցկացված խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերից ոչ մեկը չի ստացել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ 61 մանդատը։ Նեթանյահուի գլխավորած կոալիցիան ստացել է 53, իսկ Այզենկոտի գլխավորած չորս կուսակցությունների դաշինքը՝ 48 տեղ։
Նոր կառավարության ձևավորման հարցում վճռորոշ կարող է լինել արաբական երկու կուսակցությունների դիրքորոշումը, որոնք միասին ստացել են 19 մանդատ։ Այզենկոտը, սակայն, մինչ այժմ հրաժարվել է նրանց հետ կոալիցիա կազմելուց։
Իսրայելի բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Այզենկոտը քաղաքականություն է մտել 2022 թվականին։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո նա միացել էր Նեթանյահուի ռազմական կաբինետին, սակայն ավելի ուշ վերադարձել ընդդիմություն՝ քննադատելով վարչապետի քաղաքականությունն ու Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքը։
Նրա նախընտրական հիմնական խոստումներից մեկը 2023 թվականի հոկտեմբերի 7-ի անվտանգության ձախողումները հետաքննող անկախ պետական հանձնաժողովի ստեղծումն է։