Ի՞նչ փոփոխություններ են սպասվում խաղային ոլորտում

Խաղային ոլորտի թվայնացման և թափանցիկության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործելու է խաղային գործունեության կարգավորման օպերատոր, ներդրվելու է նոր էլեկտրոնային կառավարման համակարգ, որին ինտեգրվելու են խաղային գործունեության կազմակերպիչների խաղային արտադրանքները և իրական ժամանակում իրականացվելու է խաղացողների կողմից գնված խաղանիշերի, կատարված խաղադրույքների, գրանցած շահումների, խաղի պրոցեսում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության գրանցում, պահպանում, հաշվառում, վերլուծություն և ռիսկերի գնահատում։ Ցանկանում եմ տեղեկացնել նաև, որ խաղային գործունեության կարգավորման մասին օրենքը գործողության մեջ է դրվելու 2027 թվականի փետրվարի 8-ից։

Iravaban.net-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

Օպերատորը առաջադեմ և նորագույն տեխնոլոգիաներով հագեցած համակարգը կապահովի ոլորտի թափանցիկություն, ցածր ռիսկայնություն, վերահսկելիություն, հարկային եկամուտների աճ, միջազգային ստանդարտներին համապատասխան և մրցունակ խաղային ոլորտ, համակարգում կիրառվող մեծ տվյալների վերլուծման մեխանիզմները թույլ կտան իրականացնել բազմատեսակ անալիտիկ վերլուծություններ և ուսումնա բնասիրություններ։

Այս համակարգի միջոցով կիրականացվի ռիսկային խմբում ընդգրկված խաղացողների խաղերին մասնակցության սահմանափակում։ Սահմանափակում ունեցող անձանց շրջանակը բավականին լայն է, ես կթվարկեմ մի քանիսը։ Տարիքային սահմանափակումներից բացի արգելվում է այլ անձի խաղային հաշվի օգտագործումը։

 

Սահմանափակումները վերաբերում են նաև պետական աջակցության ծրագրերից օգտվողներին, ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և անապահովության հիմքով ծրագրերի շահառու հանդիսացողներին, կախվածությունների բուժման ազգային կենտրոնում հաշվառված անձանց, խաղերին մասնակցության սահմանափակումները գործելու են նաև պետական և համայնքային ծառայողների, հանրային պաշտոն զբաղեցնողների, կենտրոնական բանկի, ինչպես նաև մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցների համար։ Խաղային գործունեության կարգավորման մասին օրենքը գործողության մեջ դնելուց հետո շահումները կհամարվեն եկամտային հարկով հարկվող օբյեկտ, միանվագ 5 միլիոն դրամ և ավելի շահումները կհարկվեն 10% եկամտային հարկով, Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված կազմակերպիչներից ստացված շահումները 5%, մյուս դեպքերում 20% դրույքաչափերով։

 

Այս բոլոր փոփոխությունները ունեն կանխարգելիչ բնույթ և կարծում եմ կնպաստեն խաղային կախվածության ռիսկերի նվազեցմանը։

Leave a Comment