Կլիմայի փոփոխությունը չորացնում է Հայաստանի անտառները․ ի՞նչ կարող ենք սովորել Շվեյցարիայից․ «Էկոսֆերա»

Կլիմայի փոփոխության հետևանքներն արդեն իսկ խնդիրներ են ստեղծել Հայաստանի համար։ Վերջին տարիներին Հայաստանում սոճիների չորացման երևույթներ արձանագրվեցին Հանքավանում, Լոռվա մարզում, ինչպես նաև Սևան ազգային պարկի տարածքում։ Ծառերը հիվանդացան և սկսեցին դեղնադարչնագույն երանգ ստանալ ու չորանալ։

«Անտառներ, կենսաբազմազանություն և կլիմա» խորագրով քննարկման ժամանակ «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի անտառապատման ծրագրի ղեկավար Վահե Մացակյանը մանրամասնեց, որ Հայաստանում առաջին հերթին տուժում են արհեստական տնկված մոնոկուլտուրալ անտառները։ Փորձագետի խոսքով՝ Հայաստանում տեղումների քանակը տարվա կտրվածքով բաշխված է անհավասարաչափ, ինչը խոչընդոտներ է ստեղծում անտառապատման համար։

Քննարկմանը ներկա էին նաև շվեյցարացի փորձագետները, որոնք բերեցին Շվեյցարիայի անտառների օրինակը։ Շվեյցարիան կարողացել է շուրջ 40 տարվա ընթացքում ընդլայնել անտառածածկ տարածքը 12%-ով։ Համեմատության համար․ Հայաստանի ողջ անտառածածկ տարածքը, ըստ պաշտոնական աղբյուրի, նույնքան է՝ 12%։

Շվեյցարիայում անտառի պահպանությունը կարգավորվում է խիստ օրենքների կիրառմամբ, որոնք սահմանափակում կամ մեղմում են անտառահատումների խնդիրը։ Սա այն դեպքում, երբ երկրի տարածքի անտառները գտնվում են ոչ միայն լեռնային հատվածներում, այլև բնակավայրերին մոտ։ Շվեյցարիայի անտառների, ձյան և վայրի բնության հետազոտությունների դաշնային ինստիտուտի (WSL) գիտաշխատող Տոբիաս Քյունհանսի խոսքով՝ բնակավայրերի մոտ անտառները կարևոր են քաղաքային կլիմայի համար։

Հետազոտողի խոսքով՝ ցամաքային կենսաբազմազանության 80%-ը գտնվում է հենց անտառային էկոհամակարգերում՝ լինի Հայաստանում, թե այլ վայրում։

«Օրինակ՝ Շվեյցարիայում, ամբողջ անտառածածկույթի 50%-ը՝ այսինքն կեսը, իրականացնում է պաշտպանական ֆունկցիա։ Այն պաշտպանում է ենթակառուցվածքները սողանքներից, քարաթափումներից, սելավներից և այլն։ Ուստի այս պաշտպանական ֆունկցիաները չափազանց կարևոր են»։

Փորձագետներն ընդգծեցին, որ բոլոր այս գործընթացները տեղի են ունենում նաև Հայաստանի անտառներում։

Leave a Comment