Ինչպես արդեն հայտնել ենք, Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ նախագահի պաշտոնում։ Նույն պաշտոնում առաջադրվել էր նաև ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը։
Ընտրության արդյունքներից հետո, լրագրողների հետ զրույցում Շաթիրյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս։
«Կշարունակեմ պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր։ Հաշվի առնելով այն, որ փաստվեցին ձևավորված իրողությունները, ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ»,- ՍԴ նախագահի ընտրությունից հետո լրագրողներին ասել է Շաթիրյանը։
Նրա խոսքով, այդ քայլը միանգամայն տրամաբանական է։
«Ավելի քան 6 տարի պաշտոնավարում եմ որպես ՍԴ դատավոր, իմ գործունեության մասով երբևէ ճնշում չի եղել, չկա և չի կարող լինել»։
Շաթիրյանը նշել է, որ ընտրության ելքն իր համար անկանխատեսելի չէր. «Արդյո՞ք սա էր 2020 թվականի հունիսին տեղի ունեցած սահմանադրության փոփոխության վերջնանպատակը: Ես չեմ ուզում հավատալ սրան անձնապես, բայց առկա իրողությունները ստիպում են հաշվի նստել դրանց հետ, իրենց հետ»:
Տեղեկացնում է Iravaban.net-ը։