Գազի գնի աճը ազդեցություն կունենա նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա. ՀԾԿՀ նախագահ

Մենք պաշտոնապես որևէ գրություն ռուսական «Գազպրոմից» կամ «Գազպրոմ Արմենիայից» այս պահին չունենք, գազի գնի հնարավոր թանկացման մասին լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

Միևնույն ժամանակ Մեսրոպյանը, հույս հայտնելով, որ չի լինի գազի թանկացում, նշեց՝ գազի գնի աճը ազդեցություն կունենա նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա:

«Մեր երկրում հետևյալ տոկոսային բաշխվածությունը կա. էլեկտրաէներգիայի արտադրության 100 տոկոս մասնաբաժնի մեջ մոտ 30-33 տոկոսը բաժին է հասնում ջերմային Էլեկտրակայաններին, հետևաբար եթե գազը թանկանա ՋԷԿ-երի սակագինը կախված գազի սակագնի թանկացման հետ բնականաբար կթանական ու նկան ձևով ազդեցություն կունենան սակագների վրա: Եթե սահմանի վրա գազի ներկրման գինը աճի 30 տոկոսով, այսօրվա սահմանի վրայի գինը, որը 174,46 դոլար է 1000 խորանարդ մետր գազի համար, կդառնա 226,8: Դա միջինացված կերպով էլեկտրաէներգիայի վրա 1,4 դրամի ազդեցություն կունենա», – ներկայացրեց նա:

Անդրադառնալով շաբաթներ առաջ հրապարակված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի զեկույցին, ըստ որի, եթե Հայաստանը դուրս գա տնտեսական միությունից, գազը կթանկանա 69 տոկոսով, ՀԾԿՀ նախագահն ասաց. «Եթե այդ դեպքը լինի, այս 174,4-ը կդառնա 294,8 դոլար 1000 խորանարդ մետրի համար: 300 տոկոս թանկացման դեպքում կդառնա 697,85»:

Նախօրեին էլ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասել էր՝ եթե ռուսական գազը տասը տոկոսով թանկանա, Հայաստանի ընդհանուր գնաճի վրա կանդրադառնա մինչև 0.8 տոկոսով:

Հոկտեմբերին հրապարակված ԵԱՏՄ զեկույցում ըստ ոլորտների կանխատեսումներ էին արվել ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման դեպքում, մասնավորապես՝ թե երկրի կողմից արտադրվող ապրանքների արտահանումը կնվազի 30-50 տոկոսով, ներկրումը կնվազի գրեթե կիսով չափ, ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը կնվազի 55.6 տոկոսով, երկրի ՀՆԱ-ն կնվազի 15.6 տոկոսով, գազի գինը Հայաստանի համար կաճի 69 տոկոսով և այլն: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հայտարարել էր, որ գազի գնի փոփոխությունը կարող է Հայաստանի տնտեսության վրա 5-7 տոկոս կամ ավելի ազդեցություն ունենալ։

Leave a Comment