ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումներ չեն եղել. Վարդանյան

«Որևիցե եղանակով, որևիցե անձի նկատմամբ որևիցե ճնշում թույլատրելի չէ, դատապարտելի է, և նման որևիցե ազդեցություն չի եղել»,- ՍԴ դատավոր ընտրվելուց հետո Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց Ազատության հարցին՝ արդյո՞ք ճնշումներ են եղել դատավորների վրա։

«Մենք ներկայացրել ենք համապատասախան ծրագրեր։ Պարոն Շաթիրյանը և ես առաջադրվել ենք համապատասխան պաշտոնի, և դատարանը գաղտնի քվեարկությամբ որոշում է կայացրել»,- ասաց Վարդանյանը։

Երկրորդ թեկնածուն ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանն էր: Հոկտեմբերի 14-ին կայացած աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի նախագահ չէր ընտրվել՝ ոչ առաջին, ոչ էլ երկրորդ փուլում:

Այս անգամ էլ ընտրության առաջին փուլում գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով կողմ ձայներ: Ուստի անցկացվել է ընտրության երկրորդ փուլ: ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի փոխանցմամբ՝ Վարդանյանը երկրորդ փուլում ստացել է 5 ձայն:

ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյան


ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյան

«6,5 տ անց ունեցանք դարձ ի շրջանս յուր». Շաթիրյան

Երկրորդ թեկնածուն ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանի համար այսօրվա ընտրության ելքն անկանխատեսելի չէր։ Հրաժարվեց խոսել ճնշումների մասին՝ պնդելով՝ «ճնշվողներից չէ»։

«Շուրջ 6 ու կես տարի անց մենք ունեցանք դարձ ի շրջանս յուր։ Արդյոք սա՞ էր 2020թ.-ի հունիսին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխության վերջնանպատակը։ Ես չեմ ուզում հավատալ սրան անձնապես, բայց առկա իրողությունները ստիպում են հաշվի նստել այս ամենի հետ»,- հայտարարեց Շաթիրյանը։

«Այդ սև կատուն այդ սև սենյակում չկա». Վարդանյան

47-ամյա Վլադիմիր Վարդանյանը նախքան ՍԴ դատավոր ընտրվելը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր: Իսկ խորհրդարան տեղափոխվելուց առաջ՝ 2000-ականների սկզբից մինչև 2018 թվականը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՍԴ-ում, այդ թվում՝ եղել է դատարանի աշխատակազմի ղեկավարը:

«Այո, ես եղել եմ պատգամավոր, ես եղել եմ կուսակացության անդամ, ես իրականացրել եմ խորհրդարանում համապատասախան գործունեություն։ Բայց դատավորի երդումը տալուց հետո յուրաքանչյուրս պարտավորվում է առաջնորդվել տրված երդմամբ»,- ասաց նորընտիր ՍԴ դատավորը՝ հիշեցնելով, որ ավելի քան 15 տարվա փորձ ունի Սահմանադրական Դատարանում։

«Իհարկե, ամեն դեպքում ամեն ինչ կարելի է քաղաքականացնել և գտնել սև կատու սև սենյակում, հատկապես, որ այդ սև կատուն այդ սև սենյակում չկա»,- ամփոփեց Վարդանյանը։

Leave a Comment