Թրամփին լուրջ փորձություններ են սպասվում․ ինչ են մտադիր անել դեմոկրատները •

Կոնգրեսում հայտնված դեմոկրատները կարող են սահմանափակել Թրամփի ռազմական գործողությունները, վերանայել Իսրայելին տրամադրվող օգնությունը, կրճատել պաշտպանության ոլորտի ծախսերը եւ խստացնել ԱՄՆ քաղաքականության վերահսկողությունը Լատինական Ամերիկայում՝ հաղորդում է Reuters-ը։

Ըստ աղբյուրի՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակը կարող է հանգեցնել նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության վերանայման։ Երկու պալատների վրա վերահսկողություն ձեռք բերելով՝ նրանք կկարողանան սահմանափակել ամերիկյան նախագահի որոշումները հինգ միջազգային հարցերի վերաբերյալ։

Գործակալությունը նշում է, որ հունվարից սկսած՝ Դեմոկրատական կուսակցությունը կկարողանա սահմանել օրենսդրական օրակարգ եւ օգտագործել բյուջետային լիազորությունները՝ վարչակազմի վրա ճնշում գործադրելու համար։ Աղբյուրը մատնանշել է Վաշինգտոնի արտաքին քաղաքականության հինգ հնարավոր փոփոխություններ։

Առաջին․ Իրանի հետ պատերազմի ավարտը։ Դեմոկրատները կարող են հրադադարի հասնել, եթե Թրամփը չստանա Կոնգրեսի թույլտվությունը՝ ռազմական գործողությունը շարունակելու համար։
Վարչակազմի վրա ճնշում գործադրելու համար նրանք կարող են կրճատել պաշտպանության ծախսերը, հետաձգել կառավարական պաշտոնների համար թեկնածուների հաստատումը եւ պահանջել հրապարակային զեկույցներ Իրանի հետ կապված ծրագրերի վերաբերյալ։ Ի դեպ, երկու պալատներն էլ նախկինում հաստատել էին ռազմական գործողությունները դադարեցնելու բանաձեւ՝ առանց Կոնգրեսի թույլտվության, սակայն վարչակազմն անտեսել է այն։ Երկրորդ․ Ուկրաինային տրվող օգնության վերսկսումը։

Ըստ վերլուծաբանների, շատ հանրապետականներ կարող են աջակցել նախաձեռնությանը։ Ավելին, կոնգրեսական Գրեգորի Միքսը ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ, որը դեմ է Ռուսաստանի դիզելային վառելիքը համաշխարհային շուկա վերադարձնելու Թրամփի ծրագրին: Մոսկվան իր հերթին դեմ է Կիեւին տրամադրվող ռազմական օգնությանը։ Երրորդ․ Իսրայելին տրամադրվող օգնության սահմանափակումը: Դեմոկրատները կարող են կրճատել կամ դադարեցնել երկրին տրամադրվող ռազմական աջակցությունը՝ Գազայի պատերազմի պատճառով բացասական տրամադրությունների եւ գնահատականների ֆոնին:

Որոշ տվյալների համաձայն՝ Իսրայելին տրամադրվող ԱՄՆ օգնության բազային մակարդակը տարեկան 3.8 միլիարդ դոլար է։ Չորրորդ․ ռազմական ծախսերի կրճատում եւ արտաքին օգնության վերականգնում: Դեմոկրատական կուսակցությունը կարող է դեմ լինել պաշտպանության բյուջեն 67%-ով ավելացնելու Թրամփի առաջարկին, որը կհասնի մինչեւ 1.5 տրիլիոն դոլար: Նրանք նախկինում արգելափակել էին այս նախաձեռնությունը Սենատում: Օրենսդիրները նաեւ մտադիր են վերականգնել միլիարդավոր դոլարների արտաքին օգնությունը, որը վարչակազմը կասեցրել կամ չեղարկել էր, չնայած Կոնգրեսի հաստատմանը։

Հինգերորդ․ Լատինական Ամերիկայի քաղաքականության նկատմամբ վերահսկողության ուժեղացում։ Դեմոկրատները կարող են հետաքննություններ եւ լսումներ սկսել տարածաշրջանում վարչակազմի գործողությունների վերաբերյալ, ներառյալ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու գործողությունը։ Նրանք նաեւ դեմ են Կուբայի դեմ պատժամիջոցներին եւ ԱՄՆ-ի միջամտությանը Հոնդուրասում, Արգենտինայում, Կոլումբիայում եւ Բրազիլիայում ընտրություններին։

Սպիտակ տունը ժամեր առաջ հայտարարեց, որ դեմոկրատները Կոնգրեսի վրա վերահսկողություն հաստատելուց հետո կարող են փորձել չեղարկել Թրամփի հիմնական որոշումները։ ԱՄՆ նախագահի վարչակազմը նաեւ ենթադրել է, որ դեմոկրատները կարող են փորձել ընդլայնել Գերագույն դատարանը եւ իմպիչմենտ հայտարարել նախագահին: Սակայն, ըստ Սպիտակ տան հայտարարության, նման բոլոր փորձերը կձախողվեն: «Նախագահ Թրամփը երբեք չի դադարի պայքարել»,- ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Հիշեցնենք․ նոյեմբերի 3-ին ԱՄՆ միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ դեմոկրատները վերահսկողություն են հաստատել Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ: Այս շաբաթվա սկզբին Թրամփը պատրաստակամություն էր հայտնել համագործակցել նրանց հետ: Նախկինում նա ասել էր, որ եթե դեմոկրատները հաղթեն, ինքը կդառնա «Պարոն Վետո»:

Իսկ որ դեմոկրատները «հին հաշիվներ» ունեն, եթե չասենք՝ «դասակարգային առճակատման» փորձ «Պարոն Վետո»-ի հետ, բոլորին է հայտնի: Ամեն դեպքում, ԱՄՆ-ում ներքաղաքական լուրջ ցնցումներ են սպասվում, հատկապես որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ, որին համարում են ԱՄՆ հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածուն, լուրջ տարաձայնություններ ունի Թրամփի հետ՝ նրա արտաքին քաղաքականության հետ կապված։ Դրա մասին նա մի քանի անգամ ակնարկել է։

Ստացվում է, որ Վենսն ու դեմոկրատները համանման դիրքորոշումներ ունեն, համենայնդեպս՝ կոնկրետ արտաքին քաղաքականության հարցերում։ Թե ինչ կստացվի այս համադրությունից եւ հակասություններից, դեռեւս վաղ է կանխատեսելը, բայց որ լուրջ փոփոխություններ կլինեն՝ ակնհայտ է թե՛ հանրապետականներին, թե՛ ընտրություններում հաղթած դեմոկրատներին։

Leave a Comment