Մայքլ Ջոն Ստեֆան. Հնդկաստանի հայոց ժառանգության պահապանը

ԵՐԵՎԱՆ-ԲԱՆԳԱԼՈՐ, Հնդկաստան – Մայքլ Ջոն Ստեֆանը հայ մշակութային ժառանգության պահպանության նվիրյալ է, արխիվագետ եւ հնդկահայ համայնքի համակարգող, որն ավելի քան երեք տասնամյակ իր ներդրումն է բերում Հնդկաստանի հայկական պատմության եւ մշակույթի պահպանման գործում: Ծնվել է 1968 թվականին Բանգալորում՝ հնդիկ հոր եւ հայ-ամերիկյան ծագումով մոր ընտանիքում: 1982-1987 թթ. ուսանել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում, որտեղ 2004-2008 թթ. աշխատել է որպես փոխտնօրեն: 1991-2004 թթ. եղել է Մադրասի (այժմ՝ Չեննայ) Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերջին մշտական հայ խնամակալը՝ նպաստելով եկեղեցու միջազգային ճանաչման բարձրացմանը: Մայքլը նաեւ աջակցել է Հայդարաբադի հայկական գերեզմանատան վերականգնմանը՝ ներգրավելով մամուլին, տեղացի եւ արտասահմանցի պատմաբաններին ու Հայաստանի դեսպանությանը: Մոտ 2012 թվականին վերականգնված այդ գերեզմանատունը, որտեղ պահպանվել է շուրջ 60 հայկական տապանաքար (ամենահինը՝ մոտ 1670 թվականից), այժմ Հնդկաստանի հնագիտական վարչության պաշտպանության ներքո գտնվող պատմական հուշարձան է: Մայքլը մասնակցել է նաեւ Հնդկաստանի հայ երեխաների համար առցանց հայկական դպրոցի ծրագրի ստեղծմանը, որն իրականացվել է Մանուշակ Հովսեփյանի եւ այլ հայ ուսուցիչների աջակցությամբ: 2026-ին Հնդկաստանում աջակցել է Բրիտանական գրադարանի հովանավորությամբ իրականացվող «Վտանգված արխիվների ծրագիր» նախաձեռնության փորձնական նախագծին՝ մասնակցելով հայկական տապանագրերի դաշտային ուսումնասիրությանն ու լուսանկարմանը: Պատմական հուշարձանների պահպանության, թվային արխիվացման եւ կրթական նախաձեռնությունների միջոցով Մայքլը շարունակում է իր ներդրումը Հնդկաստանի հայ համայնքի ժառանգությունն ապագա սերունդներին փոխանցելու գործում:

–Մա՛յքլ, ձեր մորական գերդաստանի արմատները հասնում են Նոր Ջուղա՝ Իրան: Ինչպե՞ս է այդ ժառանգությունն ազդել հայ ինքնության ձեր ընկալման եւ Հնդկաստանում հայկական ժառանգությունը պահպանելու ձեր հանձնառության վրա:

-Ես միշտ սերտ կապ եմ ունեցել Կալկաթայի եւ Մադրասի հայկական եկեղեցիների հետ եւ աջակցել եմ դրանց տարբեր միջոցառումներին: Հանգուցյալ տատս ու մայրս մեզ բազմաթիվ պատմություններ էին պատմում, այդ թվում՝ իմ նախապապի մասին, որի  ազգանունն եմ կրում: Նրա անունն էր Վաղարշակ Տիգրան Ստեֆան (Ստեփանյան, 1885-1942): Նա զբաղվել է ջուտի առեւտրով Դաքայում, այնուհետեւ տեղափոխվել է Կալկաթա: Նա մեր Հայկական ակումբին դաշնամուր եւ բիլիարդի սեղան է նվիրաբերել: Ամուսնացած է եղել Զենոբիա Հարնիի (1910-1972) հետ, որը կես իռլանդուհի, կես հայ էր: Նրանց շիրիմները գտնվում են Կալկաթայի հին հայկական գերեզմանատանը, ուր ես ամեն տարի այցելում եմ:

Նրանց դուստրը՝ իմ տատիկ Վերան, ծնվել է Կալկաթայում եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամուսնացել է ամերիկացի Ջոն Հոլանդի հետ: Նրանց դուստրը իմ հանգուցյալ մայրն էր՝ Սանդրա Հոլանդը: Հայրս բաժանվեց մորիցս, երբ ես եւ իմ կրտսեր եղբայրն ու քույրը դեռ երեխաներ էինք: Մայրս շարունակեց գործածել իր օրիորդական ազգանունը եւ այլեւս չամուսնացավ: Մեզ մեծացրել են մայրիկս ու տատս: Նրանք երկուսն էլ թաղված են այստեղ՝ Բանգալորում: Ես հոգացել եմ, որ նրանց տապանաքարերին մի քանի տող հայերեն փորագրվի: Ցավոք, մեր օրերում Կալկաթայի գերեզմանատներում հայերենը հազվադեպ է օգտագործվում տապանաքարերի վրա, փոխարենը հիմնականում անգլերեն են գրում:

–Հետաքրքրական է, որ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում ձեր հայերենի ուսուցչուհին հնդիկ է եղել: Կպատմե՞ք այդ ուշագրավ տիկնոջ մասին:

-Նրա ազգանունը Նագ էր՝ տիկին Նագ: Այդ ժամանակ մենք հայ ուսուցիչներ չունեինք, բացի քահանայից եւ մեր հանգուցյալ տնօրեն Վահան Փոլադյանից, որոնք հայերեն էին դասավանդում միջին եւ բարձր դասարաններում: Կցանկանայի նաեւ նշել, որ մայրս՝ Սանդրա Հոլանդը, ճեմարանում սովորել է ամբողջ տասը տարի:

–Որո՞նք են Մադրասի հայկական եկեղեցում ձեր ծառայության ամենավառ հիշողությունները, եւ ի՞նչ նշանակություն ուներ այդ պատմական եկեղեցու խնամակալությունը ձեզ համար:

-Այդ եկեղեցին միշտ հարազատ է եղել ինձ: Այն ժամանակ շատերն ասում էին, որ ես դեռ երիտասարդ եմ եւ չեն հասկանում, թե ինչպես եմ կարողանալու ստանձնել այդ պատասխանատվությունը: Բայց ես հավատարիմ մնացի մեր եկեղեցուն, դիմացա դժվարություններին եւ կարողացա կատարել պարտականություններս: Ամենավառ հիշողություններիցս մեկն այն է, երբ որ մեկնեցի Դելի՝ մեր պատվավոր հյուպատոսից խաչքարը բերելու: Այն կշռում էր մոտ 150 կիլոգրամ եւ վերջին խաչքարերից էր, որոնք օրհնել էր Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսը: Խաչքարը բերեցի՝ գնացքով 31 ժամ ճանապարհ անցնելով մինչեւ Մադրաս: Մեր եկեղեցու օգնությամբ այն տեղադրեցինք Հարություն Շմավոնյանի տապանաքարի մոտ: Հայտնի է, որ Շմավոնյանն է հրատարակել աշխարհում առաջին հայկական պարբերականը: Աստծո կամոք՝ մի օր կուզենայի կրկին վերադառնալ մեր եկեղեցի եւ ծառայել որպես խնամակալ: Ես շարունակում եմ երեք ամիսը մեկ այցելել այնտեղ, քանի որ Չեննայը համեմատաբար մոտ է Բանգալորին:

Մայքլ Ջոն Ստեֆանը որդու՝ Վաղարշակի հետ

–Ի՞նչ նշանակություն ունեցավ Հնդկաստանի հայկական տապանագրերի թվային փաստագրումը եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք ապագա թվային արխիվից:

-Ես միշտ ցանկացել եմ, որ հայկական տապանագրերը պատշաճ կերպով փաստագրվեն, եւ շատ ուրախ եմ, որ Հնդկաստանում այդ աշխատանքն արդեն իրականացվում է մասնագիտական մակարդակով: Հնդկաստանի հայ համայնքն այսօր մոտ 250 հոգի է, ուստի պատմական ժառանգության փաստագրումը խիստ անհրաժեշտ է: Դոկտոր Համեստ Թամրազյանի եւ դոկտոր Գայանե Հովհաննիսյանի ղեկավարությամբ իրականացված փորձնական ծրագրի շրջանակում փաստագրվել է մոտ 200 տապանագիր՝ Հնդկաստանի շուրջ 3000 հայկական տապանագրերի փաստագրման ավելի լայն նախաձեռնության շրջանակում: Ես Հնդկաստանում աջակցել եմ այդ ծրագրին՝ մասնագիտական խմբի հետ կատարելով դաշտային աշխատանք եւ լուսանկարում: Նյութերը հասանելի կլինեն ծրագրի կայքում՝ գիտնականների եւ պատմաբանների կողմից անվճար օգտագործման համար: Դոկտոր Թամրազյանն ու դոկտոր Հովհաննիսյանը մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի այս նախաձեռնությունը կյանքի կոչվի: Աշխատանքն իրականացվել է շատ մասնագիտորեն՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Մնացած տապանագրերի դաշտային ուսումնասիրությունը կշարունակվի առաջիկա տարիներին՝ փուլ առ փուլ:

–Հնդկաստանի հայ համայնքի նկատմամբ աճող հետաքրքրություն կա: Վերջին տարիներին լույս տեսան Ալականանդա Նագի «Կալկաթայի հայերը» լուսանկարների ալբոմը եւ Անի Երեմյանի «Պատկանելությունների միջեւ. սփյուռքահայ համայնքները Հնդկաստանում» անգլերեն գիրքը: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված այս հետաքրքրությունը:

-Հայերը բազմաթիվ առումներով են նպաստել Հնդկաստանին: Քանի որ համայնքի թվաքանակը նվազել է, շատ կարեւոր է փաստագրել եւ ներկայացնել Հնդկաստանի հայ համայնքի անցյալն ու ներկան: Աղոթում եմ, որ մի օր համայնքը կրկին սկսի աճել:

–Ինչպե՞ս կբնութագրեք այսօր Հնդկաստանի հայ համայնքը:

-Վերջին տասնհինգ տարիներին իրավիճակը փոխվել է: Այժմ կան բավականին շատ հայեր, որոնք Երեւանից տեղափոխվել են Հնդկաստան, ամուսնացել հնդիկների հետ եւ հաստատվել այստեղ: Օրինակ՝ Բանգալորում ունենք երեք հայ ընտանիք եւ մի երիտասարդ հայուհի, որն իր սեփական բիզնեսն ունի: Երբեմն հավաքվում ենք, հատկապես երբ որեւէ հայ է այցելում Բանգալոր: Չեննայում շուրջ չորս հայ ընտանիք կա: Հետաքրքրական է, որ նրանք հարմարվել են Հնդկաստանի պայմաններին եւ շատ գոհ են իրենց կյանքից: Հայ ընտանիքներ կան նաեւ Կալկաթայում, Մումբայում, Դելիում եւ մի շարք այլ նահանգներում:

Չեննայում ունենք նաեւ Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս պարոն Շիվկումար Էսվարանը, որը մեծ նվիրումով է զբաղվում հայկական հարցերով եւ մեզ հրավիրում է բոլոր կարեւոր միջոցառումներին: Հայաստանի դեսպանատունը գտնվում է Դելիում, եւ երբ մեր դեսպանը այցելում է Չեննայ, մենք բոլորս հանդիպում ենք մեր եկեղեցում: Մադրասի եւ Մումբայի հայկական եկեղեցիներում պատարագները մատուցվում են տարին մեկ անգամ:

–Ո՞րն է այսօր հնդկահայ համայնքի առջեւ ծառացած ամենամեծ մարտահրավերը, եւ էլի ինչպե՞ս կարելի է պահպանել նրա ժառանգությունն ապագա սերունդների համար:

-Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ շատերը լավ չեն տիրապետում հայերենին: Համայնքը տարածված է տարբեր քաղաքներում, եւ մարդիկ աստիճանաբար կորցրել են կապը լեզվի հետ: Կալկաթայի մեր եկեղեցու նախագահը, եկեղեցական խորհրդի անդամներն ու հանձնաժողովի անդամները մեծ հոգատարությամբ են պահպանում մեր կալվածքները, այդ թվում՝ դպրոցը, եւ նրանց աշխատանքը բարձր գնահատանքի է արժանի: Հայկական տապանագրեր կան նաեւ ոչ հայկական եկեղեցիներում, եւ մենք պետք է ապահովենք դրանց պահպանումը: Անհրաժեշտ է ավելի հաճախ կազմակերպել հանդիպումներ, որպեսզի Հնդկաստանի տարբեր վայրերում ապրող հայերը հավաքվեն Կալկաթայում: Ես ամեն տարի այցելում եմ այդ քաղաք՝ հայկական Սուրբ Ծննդյան տոնին:

–Հայաստան այցելել եք չորս անգամ: Ի՞նչ նշանակություն ունեցան այդ այցելությունները ձեզ համար՝ որպես դարեր շարունակ Սփյուռքում ապրած ընտանիքի ժառանգի:

-Երբ աշխատում էի որպես Հայոց մարդասիրական ճեմարանի փոխտնօրեն, ինձ հանձնարարել էին այլ հայ ուսուցիչների հետ երեխաներին ուղեկցել Հայաստան՝ ամառային արձակուրդներն անցկացնելու: Իմ սիրտը Հայաստանում է: Ինձ շատ հուզեց այցելելություններս տարբեր տներ, քաղաքներ, դպրոցներ, ինչպես նաեւ այցս Մատենադարան, որտեղ ինձ ցույց տվեցին Հարություն Շմավոնյանի հրատարակած «Ազդարար» պարբերականի բնօրինակը: Մասնակցել եմ նաեւ մի շարք կարեւոր միջոցառումների Ապարանում, Վանաձորում, Սեւանում, Գյումրիում եւ Էջմիածնում

–Ձեր որդու անունն է Էնդրյու Վաղարշակ Ստեֆան: Ինչպե՞ս եք նրան փոխանցում հայկական ինքնությունն ու ավանդույթները:

-Խրախուսում եմ նրան առցանց հայերեն սովորել եւ YouTube-ի տեսանյութերի միջոցով ծանոթանալ մեր պատմությանը: Մի օր էլ գուցե նրան հետս Հայաստան կտանեմ…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Leave a Comment