Վարորդների մասնագիտական որակավորման վկայականների կեղծումը կանխելու համար պաշտպանական նոր տարրեր կսահմանվեն

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ՝ հստակեցնելով միջպետական փոխադրումներ իրականացնող վարորդներին տրվող մասնագիտական որակավորման վկայականի (ՄՈՎ) անվտանգության պահանջները։

Iravaban.net-ը ուսումնասիրել է որոշման նախագիծը և դրա հիմնավորումը։

Ինչո՞ւ է առաջարկվում փոփոխություն կատարել

Գործող կարգավորմամբ սահմանված է, որ մասնագիտական որակավորման վկայականի անվտանգության մակարդակը պետք է համապատասխանի վարորդական վկայականի անվտանգության մակարդակին։

Սակայն, ըստ նախագծի հիմնավորման, այդ հղումը բավարար հստակություն չի պարունակում, ինչի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել վկայականի անվտանգության ապահովման պահանջները։

Ի՞նչ փոփոխություն է նախատեսվում

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 5-րդ կետում՝ սահմանելով մասնագիտական որակավորման վկայականի վրա կիրառվող պաշտպանական տարրերը։

Ի՞նչ նպատակ ունի փոփոխությունը

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել մասնագիտական որակավորման վկայականի անվտանգության՝ միջազգայնորեն կիրառելի պահանջները, հստակեցնել դրա տպագրության ընթացքում օգտագործվող պաշտպանական տարրերը և բացառել փաստաթղթի կեղծման հնարավորությունը։

Ո՞ր կառույցն է մշակել նախագիծը

Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

Պետական բյուջեի վրա ազդեցություն չի լինի

Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազում չի նախատեսվում։

Նշվում է, որ փոփոխությունը պայմանավորված է նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 28-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ։

Leave a Comment