Նոյեմբերի 5-ին Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում տեղի է ունեցել Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի հանդիսավոր բացման արարողությունը, հայտնում են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Գագաթնաժողովը նոյեմբերի 5-8-ը մեկ հարթակում համախմբում է շուրջ 800 մասնակցի՝ Հայաստանից և Սփյուռքի տարբեր համայնքներից, որոնցից շուրջ 600-ը՝ Սփյուռքից, իսկ 200-ը՝ Հայաստանի Հանրապետությունից։
Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են բարձր մակարդակի քննարկումներ՝ նվիրված Հայաստան–Սփյուռք հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններին, ժողովրդավարությանը, խաղաղությանն ու անվտանգությանը, տեխնոլոգիական առաջընթացին, տնտեսական զարգացմանն ու ներդրումներին, ինչպես նաև տարբեր ոլորտներում Հայաստան–Սփյուռք համագործակցության ընդլայնմանը։
Գագաթնաժողովի նպատակն է ամրապնդել Հայաստանի և Սփյուռքի միջև երկխոսությունը, նպաստել համահայկական ներուժի համախմբմանը, նոր գործընկերությունների ձևավորմանն ու Հայաստանի Հանրապետության զարգացմանն ուղղված գործնական համագործակցության խորացմանը։
Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի հանդիսավոր բացմանը ներկա են եղել ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև տարբեր ոլորտների փորձագետներ և գործիչներ։
Երեկոն եզրափակվել է պաշտոնական ընդունելությամբ և մշակութային ծրագրով: