Այն բանից հետո, երբ իրավապահները ձերբակալեցին գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին, խորհրդարանական ու արտախորհրդարանական մի շարք ուժեր հավաքվեցին նրա առանձնատանը։ Մինչ այդ, Կարապետյանի եղբորորդին՝ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, հայտարարեց սպասվող «հատուկ միջոցառման մասին»։
Ու, հավանաբար, հենց այդ հավաքն էլ հատուկ միջոցառումն էր, որի արդյունքում նրանք հայտարարություն են տարածել տարաձայնությունները մի կողմ դնելու և չորս առաջնային նպատակի շուրջ միավորվելու մասին։
Նպատակներից մեկն, իրենց ձևակերպմամբ «ալիևյան» սահմանադրության պարտադրանքը մերժելն է, ապա՝ հասնել խաղաղության՝ առանց միակողմանի զիջումների ու տարածքային կորուստների, պաշտպանել ազգային ինքնությունն ու Հայ առաքելական եկեղեցին, վերականգնել ժողովրդավարական ազատություններն ու իրավունքները։
Ընդ որում, նման մի հայտարարություն ընդդիմադիրները տարածել էին դեռ հուլիսին։ Այն ժամանակ ստորագրել էր 5 ուժ, այժմ՝ 14 քաղաքական ուժի անուն է գրված։
Արդյո՞ք սա ամիսներ առաջ Սամվել Կարապետյանի հայտարարած միավորումն է, թե՞ հավաքը հետևանք էր կոնկրետ անձի ձերբակալության։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը համոզված է՝ ընդդիմությունն իրականում ապօրինի գույքի բռնագանձման դեմ է պայքարում.
«Այս իրողությունը, այսինքն՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի համախմբումը, վառ ապացույցն է այն բանի, որ խորհրդարանական ընդդիմությունը և ընդդիմադիր մի շարք կուսակցություններ ստեղծված են ոչ միայն քաղաքական ընդդիմադիր գործունեություն ծավալելու, այլ՝ ապօրինի գույքի պաշտպանության բռնագանձման դեմ պայքարելու և այլ երկրի շահերի առաջքաշման համար»։
Արմեն Խաչատրյանի համոզմամբ՝ ընդդիմադիրների ակտիվացման իրական շարժառիթը ոչ թե Սահմանադրության նախագիծն է, այլ Կարապետյանների ընտանիքի շուրջ ծավալվող քրեական գործընթացը։ Նա պնդում է՝ ընդդիմադիր ուժերը համախմբվում են սեփական և մերձավոր շրջանակների ֆինանսական շահերը պաշտպանելու համար.
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Էդգար Առաքելյանը, ընդդիմադիր հավաքն ընտանեկան միջոցառման է նմանեցնում։
«Երեկվա հավաքը, ըստ էության, այսպես ընտանեկան հավաքի նման կամ ընտանեկան միջոցառման նման ինչ-որ բան էր հիշեցնում, երբ որ չգիտեմ՝ ինչ-որ մեկի հոպարին ձերբակալել էին, այդ հոպարի եղբոր տղան հավաքել էր մի քանի հոգու և բողոքում էին»։
Առաքելյանը կասկածի տակ է դնում նաև այդ ուժերի քաղաքական ազդեցությունն ու հանրային համախմբում ապահովելու կարողությունը.
«Այս մարդկանց անգամ չի հաջողվում իրենց դաշտի ամբողջ ներկայացուցիչներին հավաքել մի հարկի տակ, ուր մնաց հանրությանը հավաքել ու համախմբել»։
Մինչ այդ, երեկվա հանրահավաքի մասնակից ուժերից ԲՀԿ-ում իշխանության գնահատականները որակում են մանիպուլյացիա։ «Ռադար Արմենիայի» հետ զրույցում կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը պնդեց, որ ընդդիմադիր համախմբման փորձերը նոր չեն․ դրանք եղել են նաև Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակներում։ Նրա գնահատմամբ՝ իշխանամետ մամուլը փորձում է աղավաղել իրականությունը՝ ներկայացնելով, թե ընդդիմությունը միավորվել է միայն Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո։ Աբովյանի խոսքով՝ Հայաստանում փորձ է արվում թուլացնել ընդդիմությանը և առաջ մղել, իրենց ձևակերպմամբ, «ալիևյան» Սահմանադրությունը։
Իսկ ի՞նչ են ասում համախմբման նախաձեռնողները։ Կոնկրետ ի՞նչ քայլերի են դիմելու և ե՞րբվանից։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Խորհրդարանում նրանց հանդիպել ևս չհաջողվեց։
Ընդդիմության հավաքին անդրադարձել է նաև վարչապետ Փաշինյանը՝ պնդելով, որ նրանք հակապետական են.
«Ես կարծում եմ, որ այդտեղ շատ կարևոր մի անձ պակասում էր՝ Կտրիճ Ներսիսյանն է։ Որ ինքն էլ այնտեղ ներկա լինր, պատկերը կլիներ ամբողջական, և կարծում եմ, որ օրերի ընթացքում այդ ֆորմատը կարող էր Հայաստանում հեղափոխություն և իշխանափոխություն իրականացնել»։
Ըստ նրա՝ ընդդիմությունը պարզապես փորձում է ծածկել իր թալանածը։
Մանրամասները՝ տեսանյութում։
