Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցույցի մասնակիցների դեմ

Փարիզում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և թանկացումների դեմ բողոքի ցույցի ագրեսիվ մասնակիցների միջև։ Այս մասին  հայտնում է ՏԱՍՍ-ը։

Դիմակներով դեմքերը ծածկած, մուգ հագուստով մի խումբ մարդիկ սկսել է վիրավորական վանկարկումներ հնչեցնել իրավապահների հասցեին և քարեր նետել նրանց ուղղությամբ։ Ի պատասխան՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։ Վահաններով և մահակներով զինված մի քանի ոստիկան ցրել են անկարգությունների մասնակիցներին, որից հետո ցուցարարների երթը շարունակվել է։

Մինչ ցույցի առաջին մասնակիցներն արդեն հասել են երթի վերջնակետ՝ Ազգի հրապարակ, ցուցարարների մեծ մասը դեռ գտնվում է մեկնարկային կետում՝ Հանրապետության հրապարակում։ Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան առայժմ չի հայտնել ցույցի մասնակիցների թիվը։

Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում արհմիությունների համազգային գործադուլ է։ Նրանք պահանջում են բարձրացնել աշխատավարձերը և հրաժարվել լրացուցիչ խնայողության միջոցառումներից։

Արհմիությունների կազմակերպած ցույցերին միացել են նաև ուսանողական և ավագ դպրոցների աշակերտական միավորումները։ Նրանք սեպտեմբերի վերջից բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով լուծել մի շարք դպրոցներում որոշ առարկաների ուսուցիչների պակասի խնդիրը։ Աշակերտները դժգոհում են նաև ուսումնական հաստատությունների վատ վիճակից և ծանրաբեռնված դասացուցակից։

Բողոքի ցույցեր են անցկացվում նաև հանրապետության այլ քաղաքներում։ ՆԳՆ տվյալներով՝ մինչև տեղական ժամանակով ժամը 13:00-ն Փարիզից դուրս բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 270 հազար մարդ։ Օրվա ավարտին սպասվում է մինչև 780 հազար մասնակցի ներկայություն։

Հասարակական կարգը պահպանելու համար իշխանությունները ներգրավել են ոստիկանության և ժանդարմերիայի 70 հազար աշխատակցի։

Leave a Comment