«Ռադիոյի տեխնիկական վերազինման գործընթացը կշարունակվի առաջիկա երեք տարիներին»․ Վասակ Դարբինյան

Խորհրդարանում շարունակվում են հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումները, այդ թվում՝ հանրային հեռարձակողների ֆինանսավորման հարցով։ Մինչև բուն քննարկումը, խոսելով Հանրային ռադիոյի բյուջեի և առաջիկա ծրագրերի մասին, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանը նշել է, որ կառավարության աջակցությամբ արդեն մեկնարկել են մի շարք աշխատանքներ։

«Այո՛, ռադիոյի կարիքներն էլ հիմա շատ են։ Ռադիոյի վիճակը այնքան էլ բարվոք չի ֆինանսական առումով։ Այդ թեմայով անդադար մենք փորձում ենք ինչ-որ արդյունքի հասնել, բայց դեռևս որևէ աջակցություն այդ իմաստով չկա, բացառությամբ ռադիոընկերության տեխնիկական վերազինման, ստուդիաների վերակառուցման, արխիվի նորոգման։ Կառավարությունը բավարար չափով, մեր ներկայացրած հայտի չափով միջոցներ տրամադրել է, և այս տարի արդեն սկսվել են այդ տեխնիկական վերազինման աշխատանքները, սկսվել է գործընթացը, կշարունակվի առաջիկա 3 տարիներին, բայց աշխատավարձերի հետ կապված, այո՛, խնդիր կա ռադիոյի։

Անդրադառնալով հանրային հեռարձակողների հաղորդած բովանդակությանը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահն ընդգծել է, որ խորհուրդը չի զբաղվում գրաքննությամբ և չի միջամտում լրատվական ծրագրերի ամենօրյա խմբագրական քաղաքականությանը։ Դարբինյանն անդրադարձել է նաև «Շողակաթ»-ի փակման մասին հարցին։

«Այդ գումարը վերադարձվեց բյուջե, այսինքն՝ առաջիկա տարվա մեջ չի հատկացվելու։ Հանրային մուլտիպլեքսում Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային ռադիոն ունեն բովանդակության հաղորդաշարեր այն քանով, ինչքանով մենք բազմազանությունը ապահովելու պահանջ կա օրենքով։ Մենք կարողանում ենք այդ բովանդակությունը տալ և՛ ռադիոյով, և՛ հեռուստատեսությամբ»։

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության շուրջ վերջին զարգացումներին և շեշտել, որ դրա ղեկավար կազմում բարեխիղճ ու պրոֆեսիոնալ մասնագետներ են, ովքեր ընդունել են տեղի ունեցածը՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը համերգի հեռարձակման անպատեհ լինելը և հանդես են եկել հրապարակային հայտարարությամբ։ Նրանց աշխատանքից ազատելը, խորհրդի նախագահի խոսքով, չափազանց խիստ մոտեցում կլիներ։

Միտումնավոր չի եղել՝ հաջորդիվ լրագրողների հետ զրույցում ընդգծել է նաև Հանրային հեռուստատեսության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

«Հաշտ չենք։ Տեղի է ունեցել սխալ, որովհետև պլանավորումը շուտ է եղել, և ի վերջո, եկեք հիշենք, որ սա առաջին տարին էր, երբ առաջին անգամ օրենքով հիշատակի օր սահմանվեց։ Դա է պատճառը, որ ըստ օրենսդրության է գնացել պլանավորումը, որից հետո տեղի է ունեցել այս սխալը, և ես ամբողջությամբ ստանձնել եմ դրա պատասխանատվությունը, բայց ինձ
ապշեցնում են այն կարծիքները, որ սա կարող է միտումնավոր լինել, որովհետև կարծում եմ՝ որևէ մեկը չի կարող պատկերացնել որևէ հայի, որ կարող է միտումնավոր նման բան անել»։

Leave a Comment