Կառավարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1686-Ն որոշումը, որով հաստատվել էին հոգեբուժական օգնության և սպասարկման տեսակների ցանկն ու կառուցվածքը։
Iravaban.net–ը ուսումնասիրել է որոշման նախագիծը և դրա հիմնավորումը։
Ինչո՞ւ է առաջարկվում չեղարկել որոշումը
Որոշման ընդունման իրավական հիմք է հանդիսացել «Հոգեբուժական օգնության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը։ Սակայն օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում վերացել է այդ որոշման համար նախատեսված լիազորող նորմը։
Բացի այդ, որոշմամբ հաստատված կարգավորումներն արդեն իսկ ամրագրված են այլ իրավական ակտերում։
Որտե՞ղ են սահմանված հոգեբուժական օգնության տեսակները
Ներկայումս հոգեբուժական օգնության և սպասարկման հիմնական տեսակները՝ հոգեբուժական, հոգեթերապևտիկ և դատահոգեբուժական փորձաքննությունները, սահմանված են Կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշմամբ։
Հիվանդանոցային և արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության ու սպասարկման ձևերը և դրանց կարգավորումները սահմանված են «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքով։
Իսկ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական փորձաքննությունների տեսակները նկարագրված են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով։
Ի՞նչ նպատակ ունի որոշման չեղարկումը
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է իրավական ակտերի համակարգից բացառել իրավական նշանակությունը կորցրած որոշումը՝ ապահովելով օրենսդրության արդիականությունն ու իրավական որոշակիությունը։
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության կողմից։
Պետական բյուջեի վրա ազդեցություն չի լինի
Որոշման նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։
Նշվում է նաև, որ նախագիծը որևէ ռազմավարական փաստաթղթից չի բխում։