Կառավարության նոյեմբերի 5-ի նիստում ընդունվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի նախագիծը։
Նախագծի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ծրագրի շրջանակում կառուցված տների հնարավոր չբնակեցման խնդրին՝ նշելով, որ կան ազդակներ, որոնք վկայում են դատարկ տների առաջացման հավանականության մասին։
Փաշինյանի խոսքով՝ ի սկզբանե հաշվի է առնվել, որ ծրագրի ոչ բոլոր շահառուները մշտապես բնակվելու են տվյալ բնակավայրերում։ Սակայն ակնկալվել է, որ նրանք առնվազն որոշակի տնտեսական գործունեություն կամ ակտիվություն կապահովեն այդ համայնքներում։
Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է տների օգտագործման մոնիթորինգը՝ ուսումնասիրելով, մասնավորապես, էլեկտրաէներգիայի սպառման և ջրի վճարումների ցուցանիշները։
«Եթե այդ նվազագույն շեմը չհաղթահարվի և մենք հանկարծ առերեսվենք փակ դռների խնդրի հետ, մենք գնալու ենք որոշումների և որոշակի լուծումների, որովհետև հանրային միջոց է ներդրվել, և մենք պետք է համոզված լինենք, որ այդ միջոցը ծառայում է իր նպատակին»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պետությունը չի պատրաստվում անտարբեր հետևել դատարկ տների երևույթին, քանի որ երկրում բնակարանի և օթևանի կարիք ունեցող բազմաթիվ քաղաքացիներ կան։ Փաշինյանը նշել է, որ այդ խնդիրները լուծելու նպատակով մշակվում են նաև նոր սոցիալական ծրագրեր։
Մանրամասները՝ տեսանյութում։