Միջանկյալ ընտրություններ ԱՄՆ-ում․ ե՞րբ հայտնի կդառնան արդյունքները

ԱՄՆ-ում մեկնարկել են միջանկյալ ընտրությունները․ ընտրատեղամասերը բացվել են երկրի բոլոր նահանգներում։ CNN-ի հաղորդմամբ՝ առաջին ընտրատեղամասերը բացվել են Երևանի ժամանակով ժամանակով 21:30-ին։

Քվեարկության մեկնարկից հետո մի շարք նահանգներում միջադեպեր են արձանագրվել։ Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով որոշ ընտրատեղամասեր ստիպված են եղել տեղափոխել։ Մեկ ընտրատարածքում տեխնիկական խափանման հետևանքով ընտրողների գրանցումը 20 րոպեով կասեցվել է։

Կիբերանվտանգությունն ապահովելու նպատակով որոշ նահանգներում տեղակայվել են Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ։ Նշվում է, որ զինվորականներն անմիջականորեն ընտրատեղամասերում չեն լինելու։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ ընտրությունների ընթացքում դիտորդներ կուղարկի բոլոր 50 նահանգներ։ Գերատեսչության հաղորդմամբ՝ շուրջ 1000 աշխատակից տեղում կհետևի քվեարկության ընթացքին՝ ստուգելու դաշնային ընտրական օրենսդրության պահանջների պահպանումը։

Ե՞րբ հայտնի կդառնան ընտրությունների արդյունքները

Նախնական արդյունքները սպասվում են նոյեմբերի 3-ի երեկոյան՝ եվրոպական ժամանակով, երբ ընտրատեղամասերը կսկսեն փակվել։ Ձայների հաշվարկը կշարունակվի ողջ գիշեր և հաջորդ առավոտյան։ Մի շարք նահանգներում, հատկապես թեժ մրցակցություն ունեցող ընտրատարածքներում, հաղթողներին որոշելու համար կարող է մի քանի ժամ կամ նույնիսկ օրեր պահանջվել։

Առաջին ընտրատեղամասերը Ինդիանա և Կենտուկի նահանգներում կփակվեն տեղական ժամանակով ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով՝ նոյեմբերի 4-ի ժամը 03:00-ին)։ Մեկ ժամ անց քվեարկությունը կավարտվի նաև Ջորջիա, Հարավային Կարոլինա, Վերմոնտ և Վիրջինիա նահանգների մի շարք ընտրատեղամասերում։

Պետք է հաշվի առնել, որ ընտրությունների օրը տեղում տրված ձայները հաճախ ավելի շուտ են հաշվարկվում, քան փոստով ուղարկված քվեաթերթիկները։ Հետևաբար, նախնական արդյունքները կարող են զգալիորեն փոխվել՝ փոստային քվեաթերթիկների հաշվարկին զուգընթաց։

Ամերիկյան լրատվամիջոցները կարող են հաղթողների վերաբերյալ կանխատեսումներ հրապարակել՝ հիմնվելով էքզիթ-փոլերի և նահանգային ընտրական մարմինների տրամադրած նախնական տվյալների վրա։

2022 թվականին Սենատի ընտրությունների արդյունքները վերջնականապես հայտնի դարձան քվեարկությունից չորս օր անց, իսկ Ներկայացուցիչների պալատի ընտրություններինը՝ ութ օր անց։ 2018 թվականի միջանկյալ ընտրությունների ժամանակ, սակայն, ընդհանուր պատկերը պարզ էր արդեն ընտրությունների գիշերը։

Leave a Comment