Մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար նոր չափանիշներ կգործեն

Iravaban.net-ն ուսումնասիրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ներկայացված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը, որով առաջարկվում է նոր չափանիշներ սահմանել մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական, վարչական, կառավարման և ուսումնաօժանդակ պաշտոնների համար։

Նախագծով նախատեսվում է միասնական պահանջներ սահմանել ինչպես մասնագիտական ուսումնական հաստատությունների պաշտոնների նկարագրերի, այնպես էլ պետական հաստատություններում այդ պաշտոնները զբաղեցնող աշխատակիցների մասնագիտական որակավորման համար։

Ինչո՞վ է պայմանավորված նոր կարգավորման անհրաժեշտությունը

Նախագծի հիմնավորման համաձայն՝ ներկայումս մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգում բացակայում է պաշտոնների նկարագրերի մշակման և աշխատակիցների մասնագիտական կարողությունների գնահատման միասնական չափանիշների համակարգը։

Մասնագիտական ուսումնական հաստատությունները մինչ այժմ իրենց ներքին իրավական ակտերով են սահմանել պաշտոնների կազմն ու դրանց գործառույթները։ Արդյունքում տարբեր հաստատություններում ձևավորվել են տարբեր մոտեցումներ, իսկ աշխատակիցների գործունեության գնահատման համար անհրաժեշտ ցուցանիշները միշտ չէ, որ չափելի և համադրելի են։

Միաժամանակ, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով կրթության պետական կառավարման լիազոր մարմնին վերապահված է ՄՈՒՀ-երի վարչական, կառավարման, ուսումնաօժանդակ և մանկավարժական պաշտոնների նկարագրերին ներկայացվող հիմնական չափանիշների, ինչպես նաև պետական ՄՈՒՀ-երի համապատասխան պաշտոնների մասնագիտական չափանիշների սահմանման լիազորությունը։

Նոր կարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է նաև մանկավարժական աշխատողների ատեստավորման և տարակարգի շնորհման գործընթացներն ավելի հստակ ու չափելի դարձնելու անհրաժեշտությամբ։

Ի՞նչ է նախատեսվում սահմանել

Նախագծով առաջարկվում է սահմանել մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական, վարչական, կառավարման գործառույթ իրականացնող և ուսումնաօժանդակ պաշտոնների նկարագրերին ներկայացվող հիմնական չափանիշները։

Միաժամանակ նախատեսվում է սահմանել պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական, վարչական և ուսումնաօժանդակ պաշտոններին ներկայացվող մասնագիտական չափանիշները՝ հաշվի առնելով պաշտոնների գործառույթները, կրթական ծրագրերի և մասնագիտական ոլորտների առանձնահատկությունները։

Առանձին չափանիշներ կսահմանվեն նաև մանկավարժական աշխատողների մասնագիտական գործունեության, կարողունակությունների, մասնագիտական զարգացման և պատասխանատվության վերաբերյալ։ Դրանք կարող են կիրառվել աշխատողների ատեստավորման և տարակարգի շնորհման գործընթացներում։

Նախագծով նախատեսվող կարգավորումները հնարավորություն կտան նաև միասնական կառուցվածքով սահմանել պաշտոնների գործառույթներն ու դրանց ներկայացվող պահանջները, որպեսզի ուսումնական հաստատությունները կարողանան համապատասխան պաշտոնների նկարագրեր մշակել և հաստատել։

Ո՞ւմ են վերաբերելու նոր պահանջները

Նոր չափանիշները կվերաբերեն մասնագիտական ուսումնական հաստատություններում մանկավարժական, վարչական, կառավարման գործառույթ իրականացնող և ուսումնաօժանդակ պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներին։

Մասնավորապես, կարգավորումները հիմք կհանդիսանան՝

  • ՄՈՒՀ-երում պաշտոնների նկարագրերի մշակման և հաստատման համար՝ ապահովելով դրանց միասնական մոտեցումը։
  • Մանկավարժական աշխատողների մասնագիտական պահանջների սահմանման և այդ պահանջներին նրանց համապատասխանության գնահատման համար։
  • Ատեստավորման գործընթացի կազմակերպման և դրա արդյունքների գնահատման համար։
  • Մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման ժամանակ անհրաժեշտ մասնագիտական չափանիշների կիրառման համար։
  • Աշխատակիցների մասնագիտական զարգացման և վերապատրաստման կարիքների որոշման համար։
  • Ուսումնական հաստատությունների կադրային քաղաքականության և մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների բարելավման համար։

Մինչև ե՞րբ պետք է համապատասխանեն նոր պահանջներին

Նախագծով նախատեսվում են անցումային ժամկետներ, որպեսզի մասնագիտական ուսումնական հաստատություններն ու դրանց աշխատակիցները հնարավորություն ունենան աստիճանաբար համապատասխանեցնել իրենց պաշտոններն ու մասնագիտական տվյալները սահմանվող նոր չափանիշներին։

Մասնավորապես՝

  1. Պետական մասնագիտական ուսումնական հաստատությունները մինչև 2027 թվականի օգոստոսի 20-ը պետք է իրենց պաշտոններն ու հաստիքացուցակները համապատասխանեցնեն նոր պահանջներին։ Դրա համար հաստատությունները պետք է հիմք ընդունեն հրամանի առաջին և երկրորդ հավելվածներով սահմանված չափանիշները։ Նույն ժամկետում պետք է նաև մշակվեն և հաստատությունների խորհուրդների կողմից հաստատվեն պաշտոնների նկարագրերը։
  2. Մինչև 2030 թվականի օգոստոսի 20-ը ժամանակ կտրվի այն աշխատակիցներին, որոնց մասնագիտական տվյալները չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոնի համար սահմանված նոր չափանիշներին։ ՄԿՈՒ համակարգի մանկավարժական, վարչական, կառավարչական և ուսումնաօժանդակ պաշտոններ զբաղեցնող այդ աշխատակիցները հնարավորություն կունենան նշված ժամանակահատվածում համապատասխանեցնել իրենց տվյալները նոր պահանջներին և շարունակել պաշտոնավարել։ Այս դրույթը գործելու է անկախ այն հանգամանքից, թե երբ են նրանք ընդունվել կամ նշանակվել տվյալ պաշտոնում։
  3. Որոշ պաշտոնների համար կսահմանվի նաև թեմատիկ մասնագիտական ուսուցում ունենալու պահանջ։ Խոսքը հրամանի առաջին հավելվածի 5-րդ և 7-րդ կետերով նախատեսված չափանիշների մասին է։ Այդ պահանջը պետք է ապահովվի կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած ժամանակացույցին համապատասխան՝ յուրաքանչյուր պաշտոնի համար տարեկան առնվազն 20 տոկոսի ընդգրկմամբ։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ դրա ընդունումը հնարավորություն կտա ՄԿՈՒ համակարգում ձևավորել պաշտոնների նկարագրերի և մասնագիտական չափանիշների միասնական կարգավորման հիմք։

Ակնկալվում է, որ նոր չափանիշները կնպաստեն մանկավարժական աշխատողների մասնագիտական գնահատման, ատեստավորման և տարակարգի շնորհման գործընթացների առավել ամբողջական ու չափելի կազմակերպմանը։

Միաժամանակ, ավելի հստակ կապ կստեղծվի աշխատակցի պաշտոնի նկարագրի, մասնագիտական կարողունակությունների, մասնագիտական զարգացման պահանջների, վերապատրաստման և ատեստավորման միջև։ Սա, ըստ նախագծի հեղինակների, կնպաստի նաև ՄԿՈՒ համակարգում մարդկային ռեսուրսների կառավարման և կրթության որակի ապահովման արդյունավետության բարձրացմանը։

Նշենք, որ հրամանի նախագծի ընդունման համար պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջանա։

Խոսքը նախարարի հրամանի նախագծի մասին է, հետևաբար առաջարկվող կարգավորումները դեռևս ուժի մեջ մտած չեն։

Leave a Comment