Ազգային ժողովում բանակում արձանագրված մահվան և ինքնասպանության դեպքերի պատճառների մասին քննարկման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարել է, որ որոշ դեպքերում ինքնասպանության պատճառ կարող է լինել անձի՝ որոշակի սեկտային հարելը։
Հարցը բարձրացվել է նոյեմբերի 3-ին՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ՔԿ նախագահին հարցրել է բանակում մահվան դեպքերի և դրանց պատճառների ուսումնասիրության մասին։
Պողոսյանի խոսքով՝ զինծառայողների մահվան դեպքերով հարուցված քրեական վարույթներն իր անմիջական վերահսկողության ներքո են։ Քննությանը զուգահեռ ուսումնասիրվում են նաև այն հանգամանքները, որոնք կարող էին հանգեցնել ինքնասպանության։
«Մի շարք դեպքերում ինքնասպանություն գործելու պատճառ է հանդիսացել, օրինակ, որոշակի սեկտային հարելը։ Ունենք դեպքեր, երբ անձը կոնկրետ հակված է ինքնասպանության, նրան ինքնասպանություն են քարոզում»,- ասել է ՔԿ նախագահը։
Նա որպես օրինակ նշել է վերջին դեպքերից մեկը, երբ մահացած անձի մարմնի վրա հայտնաբերվել են դաջվածքներ։ Պողոսյանի փոխանցմամբ՝ հոգեբաններն ու մասնագետները դրանք կապում են ինքնասպանության հակվածության հետ։
ՔԿ նախագահի գնահատմամբ՝ խնդիրը նաև ազգային անվտանգության նշանակություն ունի։ Նա հայտնել է, որ պատրաստվում է համապատասխան գրությամբ դիմել Ազգային անվտանգության ծառայության տնօրենին։
«Սա ազգային անվտանգության խնդիր է, և հիմա դրանով մենք պրոցեսներ կսկսենք, առաջիկայում մեր հանրությունը նաև իրազեկ կլինի այդ բացահայտումներին»,- նշել է Պողոսյանը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ խոսքը բանակում արձանագրված բոլոր ինքնասպանությունների մասին չէ, այլ մի քանի առանձին դեպքերի։
ՔԿ նախագահը նշել է, որ առաջիկայում հանրությանը կներկայացվեն նաև այդ դեպքերի քննության արդյունքները։