Ինչո՞վ է պայմանավորված նույնաբովանդակ հայտարարությունների քննության տարբեր ընթացքը․ ՔԿ նախագահի պարզաբանումը

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցոում անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ իշխանության ներկայացուցիչների և նրանց աջակիցների հետ կապված դեպքերի առթիվ գործեր են հարուցվում, մեղադրանքներ են առաջադրվում, իսկ ընդդիմադիրների հետ կապված նույն ակտիվությունը չկա, Պողոսյանը նշեց, որ յուրաքանչյուր դեպք գնահատվում է՝ հաշվի առնելով արարքի բնույթը, կատարման վայրը, ժամանակը և անձը։

«Քրեական վարույթի առանձնահատկություններով պայմանավորված, թե արարքի բնույթը, տեղը, իրադրությունը, ժամանակը, անձը, ով որ կատարում Է Էդ արտահայտությունները, մենք տարբեր իրավիճակներում տարբեր կերպ ենք վարվում, լինում են իրավիճակներ, երբ որ օրինակ, մենք կարիք Է լինում, որպեսզի փորձաքննություն նշանակենք», – ասաց Պողոսյանը:

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ դեռևս մեղադրանք չի առաջադրվել տղամարդուն, որը 2025 թվականին իշխանական «Սիվիկ»-ի եթերում կոչ էր արել քարով խփել Ամենայն հայոց կաթողիկոսի գլխին, Պողոսյանը պատասխանեց. «Մասնավորապես Էդ դեպքում մենք նշանակել ենք հոգեբանական փորձաքննություն և նշանակել ենք լեզվաբանական փորձաքննություն, դրանից հետո, երբ որ փորձաքննությամբ կհաստատվի Էդ ամեն ինչը, քննիչը կլուծի քրեական հետապնդման հարուցման կամ չհարցման հարցը»:

«Քննիչը գրավոր հարցում Է ուղարկել փորձագիտական հիմնարկ, որպեսզի հասկանա ի՞նչ պատճառով ա ուշանում Էդ եզրակացությունը, պատասխանել են, որ ծանրաբեռնվածության պատճառով փորձաքննությունը կկատարվի էսինչ ժամանակ. այսինքն նույնիսկ 2027 թվականի մասին էր խոսքը», – նշեց նա:

ՔԿ նախագահը նաև բացատրել է, թե ինչո՞ւ տարբեր անձանց նույնաբովանդակ հայտարարությունների դեպքում քննության ընթացքը կարող է տարբեր լինել։

Պողոսյանի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ քննիչն ինքնուրույն, առանց փորձաքննություն նշանակելու, կարող է գնահատել՝ տվյալ արտահայտությունը պարունակո՞ւմ է արդյոք Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ։ Այդ դեպքում քննիչը միջնորդություն է ներկայացնում հսկող դատախազին, որն էլ որոշում է՝ բավարարել այն, թե ոչ։

«Տարբեր իրավիճակներում կարող է նույն արտահայտությունը՝ կախված անձից, տեղից, ժամանակից, այլ կերպ ընկալվել։ Բոլոր դեպքերում մեր խնդիրը հետևյալն է, որ մենք անհիմն քրեական վարույթներ դատարան չուղարկենք»,- նշել է ՔԿ նախագահը։

Leave a Comment