Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի հրաժարականները։ Ինչպես նաև պահանջում ենք վերանայել եթերային քաղաքականությունը, այսօր կայացած բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաքվե» ազգային քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հանրայինի եթերով Թաթայի համերգը հեռարձակելուն։
«Եթե այդ դեպքն իր տեսակի մեջ լիներ եզակի, մենք չէինք բողոքի, կբավարարվեինք Հովհաննես Մովսիսյանին տրված նկատողության փաստով։ Բայց մենք եկել ենք բողոքելու Հանրային հեռուստաընկերության սիստեմատիկ, միտումնավոր և հակաժողովրդավարական գործելակերպի դեմ։
Սահմանադրության 42-րդ հոդվածը երաշխավորում է Հանրային հեռարձակողի անկախությունը, որով հանրային հեռարձակողները պետք է զերծ մնան խտրական բովանդակություն ունեցող տեղեկություններչ տարածելուց, ինչպես նաև կրոնական ատելություն բորբողքող տեղեկատվություն տարածելուց։ Երբ դիտարկում ենք Հանրայինի բովանդակությունը, տեսնում ենք, որ Սահմանադրության դրույթներն այս ինստիտուտի համար բնավ չեն գործում։ Մենք տեսնում ենք, որ քաղաքական խտրական բովանդակություն է եթեր հեռարձակվում՝ մասնավորապես Պետրոս Ղազարյանի հարցազրույցները։
Երկրորդ, ինչ Նիկոլ Փաշինյանը սկսել է հակաեկեղեցական արշավը, դրան միացել է նաև Հանրայինը։ Երկու տարի է՝ ինչ Գարեգին Բ-ի տարեմուտի շնորհավորական ուղերձները Հանրայինով եթեր չեն հեռարձակվում, Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության տոնին մատուցվող պատարագները ևս եթեր չեն հեռարձակվում։ Փոխարենը, երբ շատ անգամ Փաշինյանը ներկա է լինում կարգալույծ հոգևորականների մատուցած պատարագների, որտեղ զեղչվում է Ամենայն կաթողիկոսի անունը, դրանք Հանրայինով հեռարձակվում են»,- ասաց Սողոմոնյանը։
Ըստ գործչի՝ սրանով միլիոնավոր հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորող բովանդակություն է եթեր հեռարձակվում, ինչն օրենքի կոպիտ խախտում է։
«Հանրային հեռարձակողի խորհուրդը, որը պետք է կառավարի և վերահսկի Հանրայինին, դրսևորում է միտումնավոր և հանցավոր անգործություն։ Ահա սրանով է պայմանավորված հրաժարականների մեր պահանջը»,- ասաց նա։