Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ միջոցառումներն անցկացվում են մրցութային կարգով։ Չափորոշիչները կսահմանվեն վարչապետի աշխատակազմի կողմից և կներկայացվեն։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ չափորոշիչներով է որոշվում «Քաղաքացու օրվա» առթիվ վարչապետի աշխատակազմից հատկացվող գումարի չափը, և 2027 թվականի «Քաղաքացու օրը» փողոցում խորովա՞ծ, թե՞ խաշլամա են անելու։
«Մենք դեռ չենք սկսել չափորոշիչների մշակումը, ժամանակին կանենք և մրցույթը կհայտարարենք»,-ասաց նա։
Անդրադառնալով հարցին՝ որքանո՞վ է արդարացված, որ դրսում սովորած անձանց նշանակում են փոխնախարարների պաշտոններում՝ այն դեպքում, որ վերջիններս երկար ժամանակ բացակայել են Հայաստանից և անտեղյակ են ներհայաստանյան խնդիրներից, Մակունցը պատասխանեց.
«Ես կադրային հարցերով չեմ զբաղվում։ Այն ձևաչափը, որով որոշվել է, որ պետք է ներգրավվեն արտերկրում բուհերում սովորած երիտասարդները, կամ ոչ այնքան երիտասարդները, սահմանված չափորոշիչներով կա մրցութային հանձնաժողով, որի կազմում ես չկամ, և նրանք այդպես են ընտրվում»։