Վանաձորում շտապօգնության մեքենան բախվել է «Կամազ»-ին․ բուժառուն մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Վանաձորում շտապօգնության մեքենայի և «Կամազ»-ի բախման հետևանքով բուժառուն մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը։ 

Դեպքը տեղի է ունեցել ժամը 14։25-ի սահմաններում՝ Վանաձոր քաղաքի Տերյան և Զորյան փողոցների խաչմերուկում։ Բախվել են բուժառու տեղափոխող Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Հ․-ի վարած Վանաձորի շտապօգնության ավտոմեքենան և 60-ամյա Բադիկ Ս․-ի վարած «Կամազ» մակնիիշի բեռնատարը, 

Վթարի հետևանքով մահացած բուժառուն Լոռու մարզի բնակիչ 85-ամյա Լեմաքս Վ․-ն է, իսկ շտապօգնության բուժքույրը՝ 33-ամյա Աղավնի Մ․-ն, որը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայությունը տեղեկացրել է, որ շտապօգնության մեքենան միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում։

«Դժբախտաբար, հիվանդը մահացել է հիվանդանոցում։ Վթարի հանգամանքները պարզվում են։ Հորդորում ենք բոլոր վարորդներին. երբ տեսնում եք միացված փարոսիկներով շտապօգնության մեքենա, զիջեք ճանապարհը։ Այդ պահին այն ինչ-որ մեկի կյանքի համար է շտապում»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a Comment